Ռուսաստանն ու Չինաստանը վերականգնում են ԱՄՆ կողմից աշխարհում խաթարված օրինականությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

Չինաստանում փետրվարի 4-ին մեկնարկեցին Օլիմպիական խաղերը։ Սակայն աշխարհին ավելի շատ գրավեցին Պեկինում ամենաբարձր մակարդակով անցկացվող չին-ռուսական բանակցությունները։ Այդ օրը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարություն ստորագրեցին, որը պետք է կարևոր դեր ունենա աշխարհաքաղաքական հետագա զարգացումների վրա։ Հայկ Այվազյանը ներկայացրեց այդ հայտարարության կարևոր դրույթները՝ նշելով, որ աշխարհաքաղաքական նոր իրողություններ են սպասում, ինչի արդյունքում ԱՄՆ կդադարի միակ, ինքնիշխան գերտերություն լինելուց և ստիպված կլինի հաշվի նստել աշխարհում մնացած պետությունների շահերի հետ։

Հայկ Այվազյանն ասաց, որ Ռուսաստանի և Չինաստանի կողմից ստորագրված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ կողմերը մտադիր են վճռականորեն պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների անձեռնմխելիությունը և հետպատերազմյան հաստատված աշխարհակարգը, պաշտպանել ՄԱԿ-ի հեղինակությունը և արդարությունը միջազգային հարաբերություններում և դիմակայել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը հերքելու, խեղաթյուրելու և կեղծելու փորձերին։ Այսպիսով հաստատվում է այն, ինչի մասին ամիսներ շարունակ փորձագետը խոսում էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ամրագրված ԽՍՀՄ սահմաններով մեկ պետության ձևավորման գործընթացը շուտով իրականություն կդառնա։

Ի՞նչ դերում կհայտնվի Հայաստանն այդ զարգացումներում։ Ըստ հաղորդման հյուրի՝ երբ Ռուսաստանը պարտադրի ԱՄՆ-ին վերականգնել արդարությունը և զորքերը հետ քաշել երբեմնի ԽՍՀՄ տարածքներից՝ 1991 թվականի դրությամբ եղած սահմանների շրջանակում, մյուս պետությունները, որոնք ժամանակին ԽՍՀՄ կազմում են եղել, ստիպված կլինեն վերանայել իրենց դիրքորոշումները և կողմնորոշվել՝ մնալ առանց տանիքի ու հոշոտվել, թե ապահով ապրել նոր ձևավորված միության տանիքի տակ։

Հայկ Այվազյանն անդրադարձավ նաև  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, որի ժամանակ նա խոսել է ապագայում նոր միության ստեղծման հնարավորության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում