2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 18

Սկիզբը` այստեղ 

Բազմահազար զոհեր նաև ռուսական կողմում ու մեծ, շատ մեծ ծախսեր. ԱՄՆ-ը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանին ռուս- ուկրաինական, զուգահեռաբար նույնիսկ ռուս- թուրքական լայնածավալ պատերազմի մեջ ներքաշելու դեպքում, Ռուսաստանը, միևնույն է, չի պարտվելու մինչև իսկ միջուկային զենք օգտագործելու հարցում կաշկանդված լինելու և չօգտագործելու պարագայում, Ուկրաինան ու Թուրքիան չեն հաղթելու, բայց Ռուսաստանին պատճառվելիք ահռելի վնասը` մարդկային, ռազմատեխնիկական, ֆինանսական, նյութական կորուստների տեսքով, լինելու է երաշխավորված:

ԱՄՆ-ը, Արևմուտքը հենց վերոնշյալ վնասի, Ռուսաստանում սոցիալ- տնտեսական ու բարոյահոգեբանական վիճակի կտրուկ և էական վատացման արդյունքում մտադիր են հասնել ՌԴ-ում ներքին դժգոհության այնպիսի մեծ աճի, իրավիճակի այն աստիճանի ապակայունացման (օգտագործելով նաև ՌԴ-ում գտնվող իրենց 5-րդ շարասյունը, մուսուլմանական համայնքի թեկուզ մի մասին և ահաբեկչական «քնած բջիջները»), որ այնտեղ ապստամբությունը կամ «գունավոր հեղաշրջում» կոչվածն իրականություն դառնա: Այսինքն` ընտրել են երկիրը ներսից քանդելու, կործանելու և տիրելու հին ու փորձված մեթոդը:

Այլ հարց է, որ ռուսական ոգու և հայրենասիրության վճռորոշ լինելու դեպքում նրանց հաշվարկները կարող են սխալ ստացվել, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի այս նենգ պլանը կարող է տապալվել, Դոնբասի կամ ՌԴ-ի դեմ Ուկրաինայի ագրեսիայի դեպքում այն, մայրաքաղաք Կիևով հանդերձ, կարող է գրավվել Ռուսաստանի և Բելառուսի զորքերի կողմից, նվազագույնը` Դոնբասը կարող է կցվել Ռուսաստանին, իսկ թուրքական բանակը գլխովին ջախջախվել, պետությունն էլ բաժանվել մի քանի մասերի… Բայց ԱՄՆ-ում, Արևմուտքում, դատելով ամենից, գոնե այժմ այդպես չեն մտածում…

Որ Ռուսաստանի դեմ հենց այս երաշխավորված լծակներն են (բազմահազար զոհեր ու մեծ ծախսեր) գործի դրվելու, օրերս մատնեցին կամ ակնարկեցին իրենք` ամերիկյան պաշտոնյաները, հայտարարելով ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմի դեպքում ՌԴ զինծառայողների շրջանում զոհերի մինչև 10 000-ի հասնելու, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի շուրթերով` Ռուսաստանի մեծ ծախսերի մասին (ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, Բլինկենն այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ երեկվա հեռախոսազրույցում):

ԱՄՆ-ում համապատասխան պաշտոնյաները (հավանաբար` Պենտագոնի) արդեն հաշվել են ռուս- ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի դեպքում երկկողմանի զոհերի թվաքանակը, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայի հետ համատեղ պատասխան է խոստացել Կիևի ագրեսիայի դեպքում, նաև հայտարարել, որ եթե նման պատերազմ սկսվի, այն կտևի 3-4 օրից ոչ ավելի։

«Reuters» գործակալությունը հղում անելով ԱՄՆ երկու անանուն պաշտոնյաների տված գնահատականներին, օրերս հայտնել է, որ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման դեպքում Ուկրաինայի զինվորականների կորուստները կարող են հասնել 5000-ից 25 000-ի, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվաքանակը կարող է տատանվել 25 000- 50 000-ի սահմաններում, ռուս զինծառայողների շրջանում զոհերի թիվը կարող է լինել 3000- 10 000: Ըստ այդմ, զոհերի ընդհանուր թվաքանակը կարող է հասնել 85 000-ի:

Միաժամանակ, ինչպես նշել է գործակալությունը, իր զրուցակիցներն իրենց գնահատականները հաստատող որևէ ապացույց չեն ներկայացրել։

Վաշինգտոնի հիշյալ պաշտոնյաների կարծիքով, ռազմական գործողությունները կհանգեցնեն նրան, որ միլիոնավոր փախստականներ ապաստան կգտնեն եվրոպական այլ երկրներում։ Նրանք հավելել են, որ Ուկրաինայում հողը մինչև փետրվարի 15-ն այնքան կսառչի, որ բանակի ռուսական մեքենայացված ստորաբաժանումները կկարողանան ազատ տեղաշարժվել արտաճանապարհներով։ Այս պայմանները կտևեն մինչև մարտի վերջ։ Բացի այդ, ինչպես նշված է «Reuters»-ի հրապարակման մեջ, եթե Մոսկվան զորքերը հասցնի Կիև, այն կարող է ընկնել «մի քանի օրվա ընթացքում»։ Այսպիսով, ըստ նրանց, պատերազմի սկսման հավանական ժամկետը փետրվարի 15-ից մինչև մարտի վերջ ժամանակահատվածն է:

Ռուսաստանը բազմիցս հերքել է Ուկրաինայի վրա հարձակում նախապատրաստելու և նրա տարածք ներխուժելու մտադրության մասին մեղադրանքները։ Քանի որ Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժելու մտադրության մասին հատկապես վերջին շրջանում ակտիվորեն տարածվող տեղեկություններն ԱՄՆ-ի, Արևմուտքի, մասամբ նաև Ուկրաինայի մոգոնած կեղծիքն են, կարելի է ենթադրել, որ նրանք հենց վերոնշյալ ժամանակահատվածում են նախատեսում իրականացնել Դոնբասի կամ Ռուսաստանի դեմ սադրանքը, որը տեղիք կտա ռուս- ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի:

Դարձյալ «Reuters»-ի տեղեկացմամբ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն օրերս հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա առաջիկա մի քանի օրերի կամ շաբաթների ընթացքում: Միևնույն ժամանակ, ըստ РБК-ի, NBC-ի «Meet the Press» հաղորդման ժամանակ Սալիվանն ասել է, որ Ռուսաստանի հնարավոր գործողությունները կարող են ներառել Դոնբասի բռնակցումը, Ուկրաինայի դեմ կիբերհարձակումները կամ լայնածավալ ներխուժումն Ուկրաինա:

Իրականում Ուկրաինան ինքն է մտադիր գնալ Դոնբասի բռնակցման, ԱՄՆ-ն ինքն է մտադիր ռուս- ուկրաինական լայնամասշտաբ պատերազմ սադրել (հնարավոր սցենարները նկարագրել ենք նախորդ հրապարակմամբ ), և այս առումով ԱՄն-ում այնքան են շտապում, որ իշխանության պատվերը կատարող լրատվամիջոցները դեռ այդ պատերազմը չսկսված, նախապես ճչուն, սենսացիոն վերնագրերով նյութեր են նախապատրաստել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման մասին, որպեսզի հենց ամերիկա- ուկրաինական կամ ամերիկյան սադրանքին հաջորդի Ռուսաստանի պատասխանը, ձեռքի տակ այդ նյութերն արդեն ունենան, միանգամից, արագորեն հրապարակեն, ժամանակ չկորցնեն դրանց պատրաստման համար:

Այդպիսի հրապարակումներից մեկը 2 օր առաջ պատահաբար բացահայտվեց: Շաբաթ ժամը 16-ի սահմաններում «Bloomberg»-ն իր կայքում սխալմամբ, ինչ-որ մեկի անզգուշության հետևանքով հրապարակել է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» սկզբի մասին նախապես պատրաստած լուրը։ Մեկ ժամ հետո նյութը ջնջվել է, գործակալությունն ընդունել է սխալն ու ներողություն խնդրել։

Լուկաշենկոն «Solovyov Live YouTube» ալիքին տված հարցազրույցում հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հարցին, թե ինչպե՞ս կգործի բելառուսական բանակը Դոնբասի դեմ Կիևի ագրեսիայի դեպքում, պատասխանել է` «Ինչպես ռուսականը», և պարզաբանել, որ դա Ռուսաստանի և Բելառուսի համատեղ պատասխանը կլինի:

Հունվարի կեսերին Բելառուսի նախագահը հայտնել է, որ Լեհաստանից և Բալթյան երկրներից հանրապետության արևմտյան և հյուսիսային սահմաններին տեղակայված է 30 000 զինվորական, իսկ ռոտացիոն սկզբունքով` 8-10 հազար ամերիկացի զինվորական: Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ Ուկրաինան ուժեր է հավաքում բելառուսական սահմանների մոտ՝ կենտրոնացնելով Ազգային գվարդիայի ստորաբաժանումները՝ բաղկացած «արմատական ​​ազգայնականներից»։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը գրեթե նույն ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները և գործընկերներն արագ և վճռական պատասխան կտան Բելառուսին, եթե Ուկրաինայի վրա ռուսական հարձակումը կատարվի նրա տարածքից: Այլ կերպ ասած, եթե Դոնբասի կամ Ռուսաստանի դեմ Կիևի ագրեսիայի դեպքում ռուսական բանակը պատասխան գործողությունների դիմի նաև Բելառուսի տարածքից, Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները և գործընկերները, ըստ Փրայսի սպառնալիքի, արագ և վճռական պատասխան են տալու Բելառուսին: Իսկ, հետաքրքիր է, ինչպե՞ս…

Հասկանալի է, որ խոսք կարող է լինել միայն պատժամիջոցների նոր շարքի և Ուկրաինային զենքի, ռազմական տեխնիկայի լրացուցիչ մատակարարման, հետախուզական տեղեկությունների տրամադրման մասին: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներն ուղղակի չեն համարձակվի Բելառուսի դեմ անմիջականորեն ռազմական գործողություններ իրականացնել, որովհետև դրա հետևանքը ոչ միայն Բելառուսի պատասխան հարվածն է լինելու, այլև Ռուսաստանի, ինչը ԱՄՆ- Ռուսաստան կամ ՆԱՏՕ- Ռուսաստան պատերազմի հետագա ծավալման պարագայում կարող է հանգեցնել միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի: ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությունը դժվար թե ինքնասպանության նպատակ ունենա:

Վլադիմիր Սոլովյովի կարծիքով, արևմտյան երկրները չեն ցանկանում կռվել ՀԱՊԿ-ի հետ, այլ մտադիր են հակամարտություն հրահրել Ուկրաինայի և Ռուսաստանի (բնականաբար նաև` ՀԱՊԿ-ի) միջև: Այո, և հենց այս մասին է, որ գրել ենք դեռ շատ ամիսներ առաջ:

Արևմտյան երկրները, ըստ Լուկաշենկոյի, հասկանում են, որ իրենց պատերազմը ՀԱՊԿ ուժերի, «առաջին հերթին Ռուսաստանի հետ», ապարդյուն է։ Հունվարի վերջին Լուկաշենկոն մեղադրեց արևմտյան երկրներին, որ ցանկանում են «արյան մեջ խեղդել ռուս-ուկրաինական եղբայրությունը՝ մեր սլավոնական եղբայրությունը»:

Եթե ռուս- ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի հնարավորության, ընդ որում, բարձր հավանականության մասին խոսակցություններն անհիմն են կամ ավելորդ մտահոգությունների արտահայտություն, ուրեմն, ի՞նչ է, վերոնշյալ պաշտոնյաները և շատ ուրիշներ պարա՞պ են մնացել…

Տվյալ խնդիրը հենց այսօր` փետրվարի 7-ին, Մոսկվայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Վաշինգտոնում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև վաղը Կիևում Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների առանցքային հարցն է: Միայն վերջին շաբաթներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մակրոնը երեք հեռախոսազրույց են ունեցել այս թեմայով՝ հունվարի 28-ին, 31-ին և փետրվարի 3-ին։ Ինչպես այսօր ճեպազրույցում լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ուկրաինայի հետ կապված իրավիճակի շուրջ լարվածությունը պահպանվում է:

Միաժամանակ Մակրոնի և Պուտինի բանակցությունների վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունից կարելի է այն տպավորությունը ստանալ, որ Ֆրանսիայի նախագահն իսկապես ցանկանում է հասնել բանակցային այնպիսի լուծման, որը թույլ կտա խուսափել պատերազմից:

«Երկխոսությունը միակ ճանապարհն է՝ հասնելու իրական կայունության և անվտանգության եվրոպական մայրցամաքի համար»,- РБК-ի տեղեկացմամբ , այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում բանակցություններից առաջ, մամուլի համար համատեղ հայտարարությունների ընթացքում հայտարարել է Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի և ողջ Եվրոպայի անվտանգության հարցերին համատեղ և օգտակար պատասխան գտնելու անհրաժեշտության մասին, որը թույլ կտա խուսափել պատերազմից:

«Ես տեսնում եմ, թե որքան մեծ ջանքեր են գործադրում Ֆրանսիայի ներկայիս կառավարությունը և անձամբ նախագահը Եվրոպայում հավասար անվտանգության ապահովման հետ կապված ճգնաժամը լուծելու համար և լուծելու այն հարցերը, որոնք սերտորեն կապված են առաջին մասի հետ, այսինքն՝ լուծելու ներուկրաինական ճգնաժամը երկրի հարավ- արևելքում»,- ասել է ՌԴ նախագահը։

Այո, բայց, ցավոք, ամեն ինչ չէ, որ Մակրոնի կամ Ֆրանսիայի ջանքերից է կախված, վճռորոշը, առավել կարևորը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի դերակատարությունն է, որը հակառակ` պատերազմի ուղղությամբ է: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Կրեմլը, Մոսկվան «վճռական փոփոխություններ» չի սպասում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումից։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան