Փետրվարի 9-ին քննվելու է Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը. փաստաբան

Փետրվարի 9-ին, ժամը 16:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, սկսվում է «Դրոշի գործի» դատավարությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Դատական նիստում քննվելու է Այլընտրանք ՀԿ համանախագահ, Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը:

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստորագրվեց Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, մի խումբ այլ քաղաքացիների հետ հավաքվել էին Կառավարության, Ազգային ժողովի շենքի մոտ և մուտք գործել ներս:

Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը: Վերջինս մեղադրվում է նաև Կառավարության շենքից հափշտակություն (ՀՀ դրոշ) կատարելու համար: