ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանը մատնանշել է ԱՄՆ-ի կատարած ռազմական հանցագործությունները և ցեղասպանությունը

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Չժան Ջունը մատնանշել է ԱՄՆ-ի բնիկ բնակչության ոչնչացումը, Վաշինգտոնի ռազմական հանցագործությունները և ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների հսկայական թիվը. նրա մեկնաբանությունը պայմանավորված էր ամերիկացի գործընկերոջ խոսքերով, որը մեղադրում էր Պեկինին ույղուրների ցեղասպանության մեջ։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Կիրակի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հարցազրույց է տվել ՍիԷնԷն-ին, որտեղ նա հայտարարել է, որ Չինաստանում ույղուր փոքրամասնության ցեղասպանություն է կատարվում, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործություններ։ Ամերիկյան առաքելության ղեկավարն անդրադարձել է նաև Թայվանի խնդրին, ասելով, որ ԱՄՆ-ը «հանձնառու է Թայվանի ժողովրդի անվտանգության պահպանմանը»։

Ինչպես նշվում է չինացի բանագնացի մեկնաբանության մեջ, Չժան Ջունն ասել է, որ ինքը մերժում է ամերիկացի բանագնացի անհիմն մեղադրանքները։ Նա նշել է, որ Սինցզյանում «ցեղասպանության» մասին ԱՄՆ-ի կրկնվող ստերը արդեն իսկ հերքվել են փաստերով»։ Այնտեղ բոլոր ազգությունների մարդիկ ապրում են «խաղաղ, ներդաշնակ և երջանիկ կյանքով», ասել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցչությունը։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Թայվանի հարցի կարգավորումը Պեկինի ներքին գործն է և թույլ չի տալիս ԱՄՆ-ին կամ արտաքին այլ ուժերին միջամտել։

Չժան Ջունը նշել է, որ մինչ ԱՄՆ-ը խոսում է մարդու իրավունքների մասին, նրանք այդ իրավունքների ոտնահարման ռեկորդներ են սահմանել։

«ԱՄՆ-ի պատմության ընթացքում բնիկ ամերիկացիների պարբերական էթնիկ զտումները և ջարդերը իսկական ցեղասպանություն է և հանցագործություն մարդկության դեմ: Սիրիայում, Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի բանակի կողմից խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների սպանությունն արդեն ռազմական հանցագործություն է»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ չինացի բանագնացի՝ ԱՄՆ-ը կանգնած է լուրջ քաղաքական, տնտեսական, սոցիալական, անվտանգության և հանրային առողջության հետ կապված խնդիրների առաջ։ Չժան Ջունը ԱՄՆ-ին է դիմել խորհրդով. «Մի՛ գնացեք սխալ ճանապարհով: Դրանից ոչ միայն կտուժի սեփական ժողովուրդը, այլև լրացուցիչ խնդիրներ կստեղծի այլ երկրների և ամբողջ աշխարհի համար»: