Աջակցենք Արցախում տեխնոդպրոցի հիմնման նախաձեռնությանը․ Արտակ Բեգլարյան

Արցախի Պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախի անվտանգության, կրթական և տնտեսական զարգացման համար տեխնոլոգիական ուղղության առաջխաղացումը օրվա հրամայական է։ Պատրաստելով տեխնոլոգիապես գիտակ սերունդ, ապա զարկ տալով նորագույն տեխնոլոգիաներով հարուստ պրոդուկտների ստեղծմանն ու արտահանմանը՝ մենք ամուր հիմքերի վրա ենք դնում Արցախի ապագան։

Հենց այս մտքով և նպատակով արցախցի երեխաները «Ես» կրթական հիմնադրամի հետ տեխնոդպրոց են կառուցում՝ «ռեԱրմենիա» հարթակում ստեղծելով «Արցախի «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոց» Moonq TechnoSchool նախագիծը՝ հանրային դրամահավաքի նպատակով։ Ուրախությամբ հայտնում եմ, որ առաջին փուլի գումարը՝ 21 միլիոնը, հաջողությամբ հավաքվել է, և ԱՀ կառավարությունն էլ իր գործուն մասնակցությունն է ունենալու նախագծին։

Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի համայնքապետը երեխաներին է տրամադրել համայնքապետարանի շենքը, որը մնում է վերանորոգել և կահավորել։ Երեխաները չափազանց ոգևորված են։

Աջակցելով նախագծին՝ մենք միանում եք արցախցի երեխաներին հուսալի ապագա նվիրելու կարևորագույն առաքելությանը։ Չէ՞ որ այսօր փոխելով երեխաների ներկան՝ մենք վաղը փոխում ենք Արցախի ապագան։

Ուստի, կոչ եմ անում նվիրատվություն կատարել այս նախագծի օգտին և այդպիսով ևս մասնակցել Արցախի լուսավոր ապագայի կերտման կարևոր գործին: Իսկ եթե մեկնաբանությամբ + նշանն էլ դնեք այս գրառման տակ, հնարավոր կլինի ապահովել ավելի բարձր մասնակցություն»: