Ազդեցության ոլորտների նոր բաժանում աշխարհում՝ Ռուսաստանի և Չինաստանի գերիշխանության պայմաններում

Այսպիսով, Չինաստանում Օլիմպիական խաղերը բացվեցին։ Բայց, առանց չափազանցության, փետրվարի 4-ին աշխարհն ուշադրությունը ավելի շատ սևեռեց այն փաստին, որ Պեկինում ամենաբարձր մակարդակով ընթանում էին չին-ռուսական բանակցությունները։

Համաշխարհային ազդեցիկ լրատվամիջոցների առաջին էջերում այդ օրը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններն էին, ոչ թե ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկը։ Թեև Չինաստանում Օլիմպիական խաղերի անցկացումը անգամ Արևմուտքի կողմից «մասնակի անտեսման» պայմաններում, նույնպես համաշխարհային աշխարհաքաղաքականության բաղկացուցիչ է։

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն այսօր աննախադեպ բնույթ են ստացել, երկրներն աջակցում են միմյանց զարգացման գործում։ Հավելենք, որ դրանում մեղավոր են… ԱՄՆ-ը և նրա արևմտյան «շնիկները», ինչպես 2-3 տարի առաջ Իրանի նախկին արտգործնախարար, այժմ՝ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականներից՝ Ալի Աքբար Վելայեթին որակել էր Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնին: Սակայն ոչ պակաս մեղավոր են նաև ԱՄՆ-ի «շնիկները» Արևելյան Եվրոպայից և, իհարկե, հետխորհրդային տարածքի երկրներից։

Համատեղ հայտարարության տեքստից մեջբերենք հատվածներ. «Կողմերը վստահ են, որ ժողովրդավարությունն և մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է օգտագործվի որպես այլ երկրների վրա ճնշում գործադրելու գործիք»։ «Երկու պետությունների միջև բարեկամությունը սահմաններ չունի, չկան համագործակցության արգելված գոտիներ, երկկողմ ռազմավարական փոխգործակցության ամրապնդումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, չի ազդում միջազգային միջավայրի փոփոխության և երրորդ երկրներում իրավիճակային փոփոխությունների վրա», – Սի Ցզինպինը և Վ. Պուտինը զգուշացնում են  համաշխարհային հանրությանը: Ինչպես պնդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ համաշխարհային տերությունների առաջնորդները, երկու երկրների ղեկավարները «ջերմ և բարեկամական մթնոլորտում մտքերի խոր և համապարփակ փոխանակում են անցկացրել երկկողմ հարաբերությունների և միջազգային ռազմավարական անվտանգությանն և կայունությանն առնչվող մի շարք կարևոր հարցերի շուրջ»: Անվտանգությունն անբաժանելի է, պնդում են Չինաստանը և Ռուսաստանը՝ ինչը նշանակում է, որ չի կարող լինել և չի լինելու «անվտանգություն Արևմուտքի համար», եթե Արևմուտքը չհամաձայնի Չինաստանի և Ռուսաստանի անվտանգությանը, այսինքն՝ աշխարհի անվտանգությանը։

Արևմուտքի առաջին արձագանքներից մեկը հետևեց… իհարկե, ամենախամաճիկ (ԱՄՆ-ի հետ կապված) երկրներից մեկից, այսինքն՝ Լեհաստանից։ Ոմն լեհ հրապարակախոս Թոմաշ Սակևիչը Վ. Պուտինի և Սի Ցզինպինի Համատեղ հայտարարության և «միջազգային հարաբերությունների նոր դարաշրջանի» թեզի լույսի ներքո փետրվարի 4-ին ասաց, որ «այսօր Արևմուտքը դիտարկում է քայլեր դեպի ազդեցության ոլորտների նոր բաժանում աշխարհում, որտեղ գերիշխում են Ռուսաստանը և Չինաստանը, իսկ գերմանացիները հիմարաբար մասնակցում են դրան»: Դե՝ գերմանացիների դեմ վիրավորական հարձակումները թողնենք լեհի խղճին. Գերմանիան այնքան պրագմատիկ չի եղել, որքան հիմա՝ XXI-րդ դարի առաջին քառորդում։ Գլխավոր մտքերում Տ. Սակևիչը ճիշտ է. Պեկինի բանակցությունները հենց ցույց են տալիս, որ Չինաստանն ու Ռուսաստանը սպառնալիք են տեսնում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բլոկի կողմից։ Եվ նրանք պատրաստվում են համատեղ դիմակայել Արևմուտքի հակառուսականությանն և հակաչինականությանը։ Ավելի խոր եզրակացություններ, իհարկե, կլինեն ավելի ուշ …

Սերգեյ Շաքարյանց