Միջոցներ են ձեռնարկվում, որ դատավոր Ռուբեն Մխիթարյանը պատասխանատվություն կրի․ Արմեն Չարչյանի պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց այն պատճառով, որ մեղադրող դատախազը չէր ներկայացել դատական նիստին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Դատարանը նրա բացակայությունը չհամարեց անհարգելի, քանի որ սխալմունք էր տեղի ունեցել»,-  նշեց նա։

Հաջորդ նիստին արդեն կսկսվի բուն դատաքննության փուլը։

Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ բժշկական փորձաքննությունը ևս փաստել է, որ Չարչյանի կալանքը անհամատեղելի է առողջության հետ։ «Մենք դեռևս 2021 թ. օգոստոսին, երբ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը Չարչյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ, մենք դատական նիստի ժամանակ ասում էինք, որ  բացի անձեռնմխելիության հանգամանքից, այն հիվանդությունը, որն ունի պարոն Չարչյանը, առերևույթ վկայում է այն մասին, որ համապատասխանում է  կառավարության որոշմանը՝  հիվանդությունների ցանկին, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ։ Ասում էինք, որ չի կարող կալանավորվել Արմեն Չարչյանը։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մեր փաստարկը համարեց անհիմն, չընդունեց, սակայն  իրական կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, իրենք բոլորը սխալ»։

Ալեքսանյանը նշեց, որ Ռուբեն Մխիթարյանի մասով միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի նա պատասխանատվություն կրի իր կայացրած դատական ապօրինի ակտի համար։ «Փաստացի իր կայացրած դատական ակտի համաձայն Արմեն Չարչյանը մոտ հինգ ամիս ապօրինի գտնվել է կալանքի տակ»,- ասաց Ալեքսանյանը։