Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ փետրվարի 4-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով` ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հիմնական զեկուցողը ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանն էր: Նա ներկայացրել է կարգավորման անհրաժեշտությունը:

Նախագծի ընդունմամբ Ազգային ժողովի կողմից ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունները հրապարակվելու է Ազգային ժողովի կողմից։

Ըստ կարգավորման՝ Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի որոշմամբ ընդունված Սահմանադրության փոփոխությունները հրապարակում է մեկ շաբաթվա ընթացքում:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո նախագիծը քվեարկության է դրվել, և 24 կողմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ այն ընդունվել է որպես օրենք։