Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության մասին խոսում է սպառնալիքների լեզվով․ Արման Թաթոյան

Հայկական կողմը պետք է խաղաղության հարցում իր գործողությունները փոխկապակցի Ադրբեջանի իրական գործողությունների հետ։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Խաղաղությունն ինձ համար էլ է շատ կարևոր։ Այստեղ այլ բան է կարևոր. հակառակորդը թշնամանքի և ատելության ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում հայկական ամեն ինչի նկատմամբ։ Նայեք Ադրբեջանի նախագահի հայտարարություններին այն մասին, որ նա հպարտ է, որ թշնամու հանդեպ, այդպես է նա կոչում հայերին, ատելությամբ լի սերունդ է դաստիարակել: Քաղաքական գործիչներն ու զինվորականները հպարտանում են ատելության մեջ մեծացած սերնդով։ Այդպիսի ատելությունը չի կարող համեմատվել խաղաղության և ժողովրդավարության հետ։ Նրանք ոչ միայն տարածքային պահանջներ ունեն, նրանց նպատակը մարդկանց ոչնչացումն է։ Նրանք խաղաղության մասին խոսում են սպառնալիքների լեզվով»,- ասաց Թաթոյանը։

«Թշնամանքի և ատելության է արժանանում ոչ միայն ՀՀ-ի և Արցախի, այլև, առհասարակ, հայկականության հետ առնչվող ցանկացած երևույթ։ Ադրբեջանական իշխանությունները հատկապես թիրախավորում են մարդկանց։ Ասում են՝ «հայերը բարբարոս ազգ են, գերեզմաններից փորում, հանում էին մահացածներին, հանում նրանց ոսկե ատամները, հալեցնում ու վաճառում»։ Փորձում են ցույց տալ ադրբեջանական ժողովրդի գերակայությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Նաև նոր ուղղություն է ակտիվ շրջանառվում, որը վերաբերում է սփյուռքի հետ մեր հարաբերություններին, օրինակ՝ Ադրբեջանի նախագահն ասում է՝ «հայերը թունավորված են, և նրանց թույնը գալիս է նաև սփյուռքից»,-ներկայացրեց Թաթոյանը։

Նա նշեց, որ ՀՀ պետական պաշտոնյաները խոսում են ադրբեջանական՝ ատելություն պարունակող հռետորաբանության մասին, մինչդեռ պետք է ուշադրություն դարձնել քաղաքականությանը։

«Ուզում եմ հատուկ նշել, որ սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, այլև տարիներով կենսագործվող քաղաքականություն, կրթություն, մշակույթ, գիտություն, սպորտ, բոլոր ոլորտներում կարմիր թելի նման անցնում է։ Սխալ է ասել՝ ադրբեջանական իշխանությունները կամ նախագահը պետք է դադարեցնեն ատելության հռետորաբանությունը։ Եթե դա մեկ ամսով դադարեցվեց, ատելությունը վերանալո՞ւ է։ Պետք է հասկանալ՝ ինչ ուղղությամբ է ընթանում իրական քաղաքականությունը»,-ասաց ՄԻՊ-ը:

Պաշտպանն ընդգծեց, որ հայերի դեմ կատարված հանցագործությունների համար հարևան պետության ոչ մի ներկայացուցիչ չի պատժվել։ «Համեմատությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ տեղին չեն: Այն ժամանակ նախաձեռնողները պատժվեցին։ Քանի դեռ ատելությունը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով, մենք մեր գործողությունները պետք է համեմատենք դրա հետ»,- ընդգծեց Արման Թաթոյանը։