Հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում մինչև 80 տոկոս շրջանառվող շտամն «օմիկրոնն» է. նախարար

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի  ախտանշաններն ավելի նման են հարբուխի ախտանշաններին՝ հազ, փռշտոց, նաև ջերմաստիճանի որոշակի բարձրացում, ուստի նման ախտանշաններ ունենալիս անհրաժեշտ է թեստավորվել:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Իհարկե մենք նկատում ենք ծանրության որոշակի թեթևացում հիվանդացածների շրջանում, եթե նույն այս թվերը մենք ունենայինք «դելտա» շտամի պարագայում, իսկապես համակարգի հոսպիտալացման աստիճանը և ծանրաբեռնվածությունն անհամեմատ ավելի մեծ կլինեին»,- ասաց  Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ հիվանդացության միջին տարիքը 47 տարեկանն է, նկատվում է տարիքի նվազում, իսկ «օմիկրոնով» մինչև 18 տարեկան երեխաներն են հաճախ հիվանդանում:

«Մեր մանկական բժշկական կենտրոններն այս պահին լարված ռեժիմով աշխատում են՝ պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են: Շատ դեպքերում, երբ դիմում են հիվանդանոց այլ խնդիրներով, հայտնաբերվում է նաև «օմիկրոն» շտամը»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` այս պահին հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում մինչև 80 տոկոս շրջանառվող շտամն «օմիկրոնն» է, և պարզ է, որ գրանցվող մահերի մեջ էլ կան այս շտամով վարակվածներ:

«Միանշանակ չպետք է զգոնությունը թուլացնել և թեթև վերաբերվել այս շտամին»,- ասաց Ավանեսյանը: