Պաշտպանության նախարարից սկսած ամբողջ գերատեսչությունը շահագրգռված է, որ պարզվի իրականությունը․ Փոխնախարարը՝ զինվորի հետ կապված դեպքի մասին

«Հստակ տեղեկություն կա, որ ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր։ Այս փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է եղել զորամասը լքելու պատճառը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Կապանի զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքին, որի մասին այսօր գրել եր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, եթե պարզվի, որ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ. «Մեզ էլ է մտահոգում։ Տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան։ Եթե կան, լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության շրջանակներում  ուսումնասիրության առարկա կդառնան»։
Պաշտպանության փոխնախարարը վստահեցրեց․ «Պաշտպանության նախարարից սկսած ամբողջ գերատեսչությունը շահագրգռված է, որ պարզվի իրականությունը, և եթե լինի զինվորի հանդեպ նույնիսկ փոքր բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»։

Նա նաև հայտնեց, որ զինվորն արդեն ներկայացվել է քննության, ամեն ինչը կպարզվի։