Շատ մոտ ենք արձանագրելու կոմունիկացիաների բացման աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները. Փաշինյան

«Այս այցը շատ կարևոր է, մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ տնօրեն Օլեգ Բելազոռովի այցին:

Նշելով, որ նախորդ օրվա այցն ամբողջությամբ միտված է եղել Երասխ-Ջուղա-Մեղրի- Հորադիզ երկաթգծի կառուցման աշխատանքներին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ թեմայով արդեն պայմանավորվածություններ ձեռք են բերվել, ընդ որում երկաթուղին Հայաստանի տարածքում պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում՝ նրանց:

«Այս դինամիկայով շարունակվելու դեպքում մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունը իրագործելը դառնում է առարկայական,-ասաց Նիկոլ Փաշինյանը։- Քանի դեռ երկաթուղին չի կառուցվել և առաջին գնացքը չի անցել, պետք է միշտ մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որը արտահայտել ենք, ստանում է կոնկրետ դրսևորումներ»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ օպերատորի՝ «Հարավկովկասյան եկրաթուղիներ» ընկերության հետ ավելի սերտ երկկողմ հարաբերություն պետք է հաստատվի, որպեսզի երկաթգծի կառուցման նախագիծը իրականացվելուց հետո այն գործի առանց խոչընդոտների:

Աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանն ասաց, որ առաջին նիստը եղել է. նախնական նկատառումներ կան, երեկվա նիստը շատ գործնական է եղել:

«Անելիքները պատկերացնում ենք, հաջողության դեպքում արդյունքներ կունենանք», – ասաց նա: