Միգուցե ընթերցե՞ք ձեր «կառուցողական» հարևաններ Ալիևի և Էրդողանի հայտարարությունները, որտեղ ձեզ սպառնում են ոչնչացնել

Պահո՜՜՜, հեչ լավ չի։

Փաստորեն ստիպված եմ կրկին մի փոքրիկ «ликбез» անցկացնել։

Եվ այսպիսով՝ ՀՀ նախագահի ՔՊ-ի թեկնածուն հայտարարել է․ «Ես չեմ պատկերացնում, որ հարևանների հետ կարելի է վիճել, կռվել։ Ես գտնում եմ, որ հարևանների հետ միայն խաղաղ պայմաններում պետք է ապրել»։

Բրա՜վո։ Բարի, պուպուշ, գերխաղաղասեր և հանճարեղ միտք է։ Սակայն մի շատ կարևոր պահ կա, որը, ըստ երևույթին, «մոռացավ» թեկնածուն։

Ոչինչ, ես կհիշեցնեմ։

Ձեզ առաջադրած ուժի բարի ցանկությունները և պատկերացումները առ ոչինչ են թուրքերի և ադրբեջանցիների հետ «խաղաղության դարաշրջան» բացելու անպտուղ  փորձերի շրջանակում, քանի որ թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները շատ լավ պատկերացնում են, որ օրինակ, «հարևանների» հետ կարելի է կռվել, «հարևանների» տարածքը կարելի է բռնազավթել և, ի վերջո, «հարևաններին» կարելի է կոտորել (Սիրայի, Հայաստանի, Արցախի, Իրաքի, Լիբիայի, Կիպրոսի օրինակները ձեզ որպես օիրնակ)։

Կարո՞ղ է տեղյակ չեք երկրորդ արցախյան պատերազմի մասին կամ կարո՞ղ է չգիտեք, որ Հայաստանի և Արցախի սուվերեն տարածքները օկուպացված են ձեր  «հարևանների» կողմից։

Իսկ միգուցե ընթերցե՞ք ձեր «կառուցողական» հարևաններ Ալիևի և  Էրդողանի հայտարարությունները, որտեղ ձեզ սպառնում են ոչնչացնել։

Հետո ավելի հետաքրքիր մտքի գոհարներ են հնչում իշխանության թեկնածուից՝ խաղաղություն պարտադրելու մասին․ «Դա էլ է հնացած թեզ․ ի՞նչ է նշանակում՝ խաղաղությունը պարտադրում են, չեմ կարծում, որ դա կարևոր գործոն է»։

Ու՜ֆ, տեսեք, եթե դու ուզում ես խաղաղություն, բայց քո հարևանները քեզ ուզում են ոչնչացնել կամ նվազագույնը քեզ սպառնում են, ապա դու ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ ստեղծել մի իրավիճակ, երբ քո «հարևանները» պարտադրված կլինեն ընդունել խաղաղությունը որպես միակ տարբերակ քեզ հետ հարաբերվելիս։ Այո, կրկնում եմ՝ դու չունես ուրիշ տարբերակ, բացի նրանից, որ ռազմադիվանագիտական գործիքակազմով պարտադրես՝ այլապես քեզ կոչնչացնեն։

Մնացած «բարի ցանկությունները» ուղղակի վարդագույն երազանքների տիրույթում են, որոնք լրջագույն վտանգ են ներկայացնում երկրի գոյության համար։

Սրանք աքսիոմատիկ և պրիմիտիվ սկզբունքներ են, որոնց շուրջ կառուցված է ողջ մարդկության պատմությունը։

Ամփոփելով, որքան էլ մեր խաղաղասեր իշխանությունները փորձեն սևը սպիտակի փոխարեն հրամցնել, միանշանակ է, որ խաղաղությունն ու բարգավաճումը տարածաշրջանում ապրիորի անհնարին են, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմում «խաղաղություն» հասկացությունը բոլորովին այլ է:

Կարևոր է նշել, որ հայերի բնաջնջման քաղաքականությունը ոչ այնքան թուրք-ադրբեջանական տանդեմի «արյան կանչն» է, որքան պետական քաղաքականություն է, որը ինչ-որ կերպ շարադրված է Թուրքիայի և Ադրբեջանի հիմնարար, հաստատուն փաստաթղթերում։.

Այսինքն՝ հայերի բոլոր երազանքները՝ խաղաղ ապրել նեոթուրքական ֆաշիստական ավազակախմբի հետ, կարող են իրականացվել միայն Հայաստանի և նրա անհանգիստ հարևանների միջև ռազմադիվանագիտական պարիտետի պայմաններում։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից