Իշխանությունից Սերժ Սարգսյանի հարցազրույցը մեկնաբանողները հայտնվում են անհարմար վիճակում. Տիգրան Աբրահամյան

«Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում բավական դետալացված ներկայացրեց բանակցային գործընթացը 2008-2018 թթ. ժամանակահատվածի համար»,- այսօր ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Արցախի հարցով տարվող բանակցային գործընթացին իշխանության մեջ որևէ մեկը չի տիրապետում, թեև կան որոշները, որոնք մյուսներից 2-3 քայլ միգուցե առաջ են։

«Այդ մարդկանց Արցախը երբեք հետաքրքիր չի եղել, մասնագիտական առումով չեն ուսումնասիրել։ Բայց երբ այդ մարդիկ իրենց թույլ են տալիս մեկնաբանել գործընթաց, որին չեն տիրապետում, որի մասը երբեք չեն եղել, նման է զավեշտի։

Ակնհայտորեն այն մարդիկ, ովքեր մեկնաբանում են Սերժ Սարգսյանի հարցազրույցը,  հայտնվում են անհարմար վիճակում»,- նշեց պատգամավորը։

Տ. Աբրահամյանը նշեց, որ հասկանում է այդ մարդկանց, քանի որ նրանց հրահանգված է ամեն ձևով հակադարձել. «Բայց հակադարձել մի բանին, ինչին չես տիրապետում, հակադարձել երկաթյա փաստարկներին, այս դեպքում իրավիճակն իշխանության համար  շատ ավելի ծանր կետի է հասնում, քան կար մինչ դա»։

«Շատ է հանրային դիսկուրսը, թե ինչպիսի ժառանգություն է փոխանցվել Նիկոլ Փաշինյանին։ Նույնիսկ Փաշինյանն ու նրա թիմակիցները, երբ խոսում են  ու փորձում են իբրև թե հակազդել ինչ-որ գործընթացի, իրականության մեջ նրանք էլ  իրենցից անկախ ներկայացնում են որոշակի փաստեր, որոնք ավելի շատ խոսում են իրենց դեմ, խոսում են ստեղծված իրավիճակում Հայաստանի օգտին»,- ասաց Տ. Աբրահամյանը։

Նրա խոսքով, վերջին 10-15 տարիներին Արցախի շուրջ քննարկումներն ընթանում էին ժողովուրդների  ինքնորոշման իրավունքի իրացման, դրա պարտադիր ուժ ունեցող տրամաբանության ներքո, Արցախում ապրող մեր հայրենակիցների կամքի դրսևորման մասով, Արցախի փաստացի անկախության մասին։

«Խոսել այն մասին, որ 2018 թվականի իշխանության եկածներին վատ ժառանգություն է հասել, ոչ միայն տրամաբանության, բանականության սահմաններից է դուրս, դուրս է ցանկացած տիպի մարդկային զգացումներից, կարողություններից»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։