Արևի բռնկման հետևանքով փետրվարի 2-ին գեոմագնիսական փոթորկի նախազգուշացում է ստացվել

Փետրվարի 2-ին Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA) տիեզերական եղանակի կանխատեսման ԱՄՆ կենտրոնի փորձագետները կանխատեսել են Երկրի վրա չափավոր ուժգնությամբ գեոմագնիսական փոթորկի սկիզբ: «gazeta.ru»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդվում է վարչության պաշտոնական կայքում։

Այն բնութագրվում է որպես G2 և ունի ինտենսիվության հինգ հնարավորից երկրորդ մակարդակը:

Ըստ NOAA-ի կայքի՝ արևի վրա պլազմայի արտանետում է տեղի ունեցել։

Բռնկումը գրանցվել է հունվարի 29-ին։ Տեղի է ունեցել կորոնալ զանգվածի արտանետում՝ արևային պլազմայի ամպի ձևավորում։ Դեպի Երկիր նրա արագությունը գնահատվում է 662 կմ/վ, նշված է հաղորդագրության մեջ։

Գիտնականները չեն բացառում, որ փետրվարի 3-ին գեոմագնիսական փոթորկի հավանականությունը կարող է պահպանվել, բայց ավելի քիչ ուժգնությամբ։