Գառնիկ Իսագուլյանին փորձում են հնարավորինս երկար պահել անազատության մեջ

Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին Քննչական կոմիտեի միջնորդությամբ կալանավորվեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, որին նախորդ օրը առանց ծանուցում ներկայացնելու դիմակավորված և զինված անձինք բերման էին ենթարկել Քննչական կոմիտե։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նա բերման է ենթարկվել: Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության մեղադրանքով 2021 թվականի սեպտեմբերի 20-ին իր տված ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների համար։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է, թե հարցազրույցի ընթացքում Գառնիկ Իսագուլյանը հայտնել է՝ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ  ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ։ Նաև նշվում է, որ Գառնիկ Իսագուլյանը իբրև հայտարարել է, թե Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթում քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, նրանից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել՝ այդկերպ հայ դիվանագետին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։ Վերը նկարագրված հանցավոր արարքի կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Նույն օրը որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին:

Գառնիկ Իսագուլյանի կալանավորման և հետագա զարգացումների մասին խոսել ենք նրա փաստաբան Աննա Ծառուկյանի հետ։

-Այն, որ Գառնիկ Իսագուլյանը անմիջապես բերման ենթարկվեց Քննչական կոմիտե, թեև գործը հարուցվել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ձեր ներկայացմամբ արդեն իսկ օրենքի խախտում է, քանի որ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը Գառնիկ Իսագուլյանի հետ առաջին ատյանի դատարանում դատական վեճ ունի, և այդ համատեքստում կասկածի տակ է դրվում նրա անաչառությունը։ Եվ ձերբակալման օրը դուք այդ պատճառով անվստահություն էիք հայտնել Քննչական կոմիտեին, որն անտեսվեց։ Ինչպես նաև երկար մտածելուց հետո մերժեցին Իսագուլյանին գրավով ազատ արձակելու ձեր միջնորդությունը և նրան կալանավորելու որոշումն ուղարկեցին դատարան։ Հատուկ միտում տեսնո՞ւմ եք իրավապահ մարմինների գործելաոճում։

-Նշեմ, որ այժմ մեր կողմից բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան առաջին ատյանի դատարանի որոշման խափանման համար։ Մինչև դա էլ առաջին ատյանի դատարան գրավի կիրառման մասին միջնորդություն եմ ներկայացրել, որի ժամանակ էլ պարզել եմ, որ մենք միայն Արգիշտի Քյարամյանի՝ Քննչական կոմիտեի ղեկավարի հետ չէ, որ խնդիր ունենք։ Պարզվեց, որ որոշում կայացնող դատավորը եղել է ՔՊ-ական իրավախորհրդատու Դավիթ Արղամանյանը՝ Մատաղիսի գործով վերաքննիչ դատարանի դատավոր Արղամանյանի որդին։ Մենք նրան ինքնաբացարկ հայտնեցինք, որը դատավորը մերժեց՝ պատճառաբանելով, թե իր քաղաքական հայացքները բացարձակ կապ չունեն Գառնիկ Իսագուլյանի գործով դատավարության հետ։ Նկատենք, որ նա չի հերքել, որ հայացքներով ու գաղափարներով հարում է օրվա իշխանություններին, նրանց գաղափարակիցն է։ Մենք ասում էինք, որ Իսագուլյանն իր տեսակետների համար է հետապնդվում, քանի որ ակնհայտ ընդդիմադիր է, իսկ դատավորը իշխանական թևն ակնհայտորեն պաշտպանող սուբյեկտ է և չի կարող անկողմնակալ լինել։ Առաջին ատյանի դատարանին ներկայացված միջնորդությունը մերժվեց։

Մինչդեռ երբ Արգիշտի Քյարամյանը քննչական պետի տեղակալ էր, Իսագուլյանին մեղադրանք առաջադրվեց Քյարամյանի մասին արված հայտարարությունների դրվագով, և այդ գործն այժմ առաջին ատյանի դատարանում է։ Այդ գործով Իսագուլյանը ոչ թե մեղադրյալ է, այլ ամբաստանյալ։ Այն ժամանակ կալանքների մասին նիստերի ժամանակ պնդեցինք, որ Քյարամյանի ենթակայությունից գործը փոխանցեն Հատուկ քննչական ծառայության ենթակայութան տակ՝ հաշվի առնելով կողմնակալության փաստը։ Եվ այդպես էլ արվեց։ Բացի դա, վերաքննիչ դատարանի դատավորը ինքնաբացարկ հայտնեց այն հիմքով, որ Քյարամյանի ենթակայության տակ իր տղան է աշխատում։ Հիմա ի՞նչ է փոխվել։ ԱԱԾ-ն գործը քննել և հարուցել է, և մենք առաջարկում ենք, պնդում՝ գործը տեղափոխել ԱԱԾ կամ որևէ այլ կառույց, որն անաչառ կլինի, Իսագուլյանի հետ դատական վեճի կողմ չի լինի դրա ղեկավարը։  Եթե Գառնիկ Իսագուլյանն այս գործով արդարացվի և ազատ արձակվի, Քյարամյանի հետ կապված գործը շարունակվելու է։

-Իսկ ինչպե՞ս եք բնորոշում Իսագուլյանի դեմ հարուցված այս գործը, որի համար նա 45 օր արդեն կալանավորված է։

-Իսագուլյանի գործում բացակայում է արարքի հանցակազմը։ Սուտ մատնության դրվագով եթե մարդը մեղադրվում է, նա պետք է հաղորդում տված լինի հանցագործության մասին, իսկ Իսագուլյանը առհասարակ Վլադիմիր Կարապետյանի հանցագործության մասին որևէ հաղորդում չի տվել։ Ասուլիսի ժամանակ, որը թիրախավորվել է, և որը քննիչի կողմից մեղադրանքի հիմքում է դրվել, ընդհանրապես Իսագուլյանը հաղորդում չի տալիս որևէ դրվագով հանցագործության մասին։ Մեկ անգամ դիմում է ՀՀ ԱԱԾ-ին, բայց ոչ հաղորդում տալու համար, այլ նշում է, թե հարցեր է բարձրացնում Մակունցի, Քյարամյանի, Արարատ Միրզոյանի և ուրիշների մասին, բայց ԱԱԾ-ն չի կարողացել պատշաճ քննել դրանք։ Այդ գործերով նա միայն ամբաստանյալ է։ Մեկ անգամ էլ դիմել է ՌԴ հատուկ ծառայություններին՝ Բելառուս-ՌԴ պայմանագրի հետ կապված, որ Ռուսաստանն ուշադիր ու զգոն լինի՝ Փաշինյանը հանկարծ ստերով չխաթարի համամիութենական հանրապետության ձևավորման գործընթացը։ Այս համատեքստում է եղել նախազգուշացումը։ Դա ավելի շուտ քաղաքական հայտարարություն է, ոչ թե հաղորդում հանցագործության մասին։

-Ինչո՞ւ որոշվեց հենց տարեվերջին և այս գործով կալանավորել Գառնիկ Իսագուլյանին, չէ՞ որ նրա նկատմամբ մի շարք գործեր են հարուցվել։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով Գառնիկ Իսագուլյանը մեղադրվում է ՀՀ վարչապետի, նախկին և ներկա մի շարք պաշտոնատար անձանց ու հասարական գործիչների, ՀՀ քննչական կոմիտեի ներկայիս նախագահի, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու, ինչպես նաև վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար, և այդ գործերից որևէ մեկով նրան չկալանավորեցին։

-Նման որոշումներ կայացնելու «առաքելությունը» հանձն են առնում այն դատավորները, որոնք իշխանական թիմից են։ Մեր գործով խափանման որոշումը պարբերաբար նույն դատավորի մոտ է քննվելու, անընդհատ մակագրվելու է այդ դատավորին, որն իր դիրքորոշումն արդեն հայտնել է, և նա էլ ասելու է, որ կա հանցակազմ ու կալանավորման որոշում է կայացնելու։ Ավելին՝ այդ դատավորը կարծում է, որ ՀՀ-ում լրտեսության, պետական դավաճանության մասին մենք դիմել ենք Ռուսաստանի հատուկ ծառայություններին։ Դա տրամաբանորեն էլ հնարավոր չէ, իմ երկրի լրտեսը ՌԴ-ին չի հետաքրքրում, որպեսզի գործ հարուցի։ Ինչ կապ ունի իմ մեղավոր սուբյեկտը այլ պետության իրավապահ մարմինների հետ։ Եվ այս հարցը մանիպուլացվում է։

Իսագուլյանի դեմ հարուցված նախորդ գործերով հիմնավոր կասկածը չի ապրել ոչ մի դատարանում, քանի որ այն ժամանակ ընդհանուր քննող դատավորների կազմն էր, որոնք իշխանական դատավորներ չէին, հեռատես էին և օբյեկտիվ։ Հիմա ունեն իրենց՝ մինչդատական վարույթի գործեր քննող դատարանի առանձին դատավորները՝ քպ-ական իրավախորհրդատուներ, նախկին նախարարներ, փոխնախարարներ, դատախազներ, որոնք դարձել են դատավոր և այս պահին միտում եմ տեսնում, որ քաղաքական գործերը բացառապես նրանք են քննում, նրանց է հանձնարարվում։ Պատահակա՞ն է, որ նույն Դավիթ Արղամանյան է քննելու նաև Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Փոքր տեղեկանք դատավոր Դավիթ Արղամանյանի մասին։ Դավիթ Արղամանյանը նոր ձևավորված՝ մինչդատական վարույթի գործեր քննող դատարանի դատավոր է նշանակվել մի քանի ամիս առաջ։

Նա 2018 թվականի իշխանափոխության օրերին հայտնի դարձավ որպես թմբկահար և ակտիվորեն մերժում էր նախկին իշխանություններին։ Մեկ տարի անց նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական, այնուհետև՝ դատավոր։

Նախկինում Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան հարթակում պարբերաբար հանդես է եկել քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: Նա «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն էր, նրանց համախոհն ու համակիրը։

2019 թվականի սեպտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մասնակցել է ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած հանրահավաքին: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դատարանների մուտքերը շրջափակելու մասին, Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր բոլոր դատարանների հասցեները, որպեսզի շրջափակողները գտնեն նստավայրերը:

Դավիթ Արղամանյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է։ Մհեր Արղամանյանը դատական համակարգում է 1996 թվականից: Հանրային հնչեղություն ունեցող գործեր քննող Արղամանյանը նույնպես քննադատվում է, ինչպես մի շարք փաստաբաններ են ասում՝ իշխանահաճո որոշումներով։

-Հունվարին Գառնիկ Իսագուլյանը կանչվել էր նաև ԱԱԾ՝ նույն գործերի շրջանակներում, որոնցով արդեն քննություններ են ընթանում։ Ի՞նչն է պատճառը։

-Գուցե իրենք հասկանում են, որ այս մի գործով չեն կարողանալու Գառնիկ Իսագուլյանին երկար ժամանակ պահել անազատության մեջ, քանի որ հանցակազմն ակնհայտ բացակայում է, մինչդեռ նոր մեղադրանքի դեպքում կալանքը կարող է երկարացվել։ Բայց այդ բոլոր դրվագներով արդեն կան հարուցված գործեր, և մենք ԱԱԾ-ում բացատրություններ տվել ենք, թե որ դրվագով ենք ամբաստանյալ, որ դրվագով քրեական գործ կա հարուցված։ Քննչական կոմիտեն թերևս չէր սպասում, որ մենք ամեն ինչի պատասխանը կունենանք։ Այնպես որ, ԱԱԾ-ում նոր գործ չի բացվել։ Միայն բացատրություններ են տրվել։

-Վաղը՝ փետրվարի երեքին, հուսանք, վերջապես կկայանա Վերաքննիչ դատարանում Գառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստը՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման։ Նախորդ անգամ նիստը հետաձվեց հոսանք չլինելու պատճառաբանությամբ։ Ի՞նչ ակնկալիք ունեք այդ նիստից և դատավորից, որին մակագրվել է գործը։

-Վերաքննիչ դատարանից լավատեսական ակնկալիքներ չկան, քանի որ դատավորը այս իշխանությունների օրոք եղել է շրջակա միջավայրի փոխնախարար, նրանց գաղափարակիցն է։  Վերաքննիչում արդեն այս գործի լսումը մեկ անգամ հետաձգվել է էլեկտրաէներգիան անջատելու պատճառաբանությամբ։ Բայց մենք արդեն պարզել ենք, որ այդ օրը  նշանակված բոլոր նիստերը կայացել են հոսանքի բացակայության պայմաններում, և միայն Իսագուլյանի նիստն է հետաձգվել։ Արդյո՞ք սա հատուկ միտումով չի արվել։ Թերևս նպատակ կա գործը ձգձգելու, Իսագուլյանին հնարավորինս երկար ժամանակ փակի տակ պահելու և բողոքի նպատակայնությունն էլ ժամանակի մեջ չեզոքացնելու․ եթե երկրորդ կալանքի երկարացումը եղավ, այս բողոքը կորցնում է իր ուժը։ Բայց արդեն հանրային մեծ ընդվզում է հասունացել, վաղը Գառնիկ Իսագուլյանին սատարելու համար բավականին շատ մարդիկ են հավաքվելու՝ համակիրներ, ընդդիմադիր գործիչներ, պատգամավորներ։ Հուսանք՝ հանրային բողոքն ու ներգրավվածությունը կզգոնացնի այս իշխանություններին անվերապահորեն ծառայելու պատրաստակամություն ունեցող դատավորներին։

Զրուցեց Թագուհի Ասլանյանը