ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի ղեկավարության ներկայացուցիչները քննարկել են Ռուսաստանի անվտանգության երաշխիքները

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն երեքշաբթի քառակողմ խորհրդակցություն են անցկացրել՝ քննարկելու իրավիճակը Ուկրաինայի շուրջ և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունվարի 31-ի նամակը անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության մամուլի ծառայությունը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Ընդ որում, ՌԴ ԱԳՆ ղեկավարն ավելի վաղ այս նամակի մասին հաղորդագրություններն անվանել էր «թյուրիմացություն», քանի որ Մոսկվան դեռևս չի ուղարկել ԱՄՆ-ին և այլ երկրներին Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների վերաբերյալ նրանց արձագանքին իր վերջին պատասխանը։

«Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քառակողմ խորհրդակցություն է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և ԵԱՀԿ գործող նախագահ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ՝ քննարկելու իրավիճակը  Ուկրաինայի շուրջ, ինչպես նաև Ռուսաստանի պահանջները՝ կապված եվրոպական անվտանգության զարգացումների հետ, այդ թվում՝ հունվարի 31-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նամակը: Մինչ պատասխանները պատրաստվում են, կողմերը վերահաստատեցին եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմնական սկզբունքները պահպանելու անհրաժեշտությունը։ Նրանք պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները՝ արձագանքելու անվտանգության ընթացիկ մարտահրավերներին, ներառյալ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, և պահպանել սերտ փոխգործակցությունը բոլոր մակարդակներում»,-նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԵԱՀԿ-ի կարևորությունը՝ որպես անվտանգության բանակցությունների հարթակ։