Բաքվի ագրեսիվ և հակահայկական հռետորաբանությունը չի նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը․ Արարատ Միրզոյան

«Ամբողջ աշխարհը տեսնում է Հայաստանի պատրաստակամությունն ու ցանկությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու և խնդրահարույց հարցեր լուծելու համար։ Մենք այս մասին հայտարարել ենք, դա արտացոլված է կառավարության ծրագրում, որից հետո ընտրություններ տեղի ունեցան, և ժողովուրդն, ըստ էության, քվեարկեց հանուն խաղաղության։ Սակայն Բաքվից հակադարձ հաղորդագրություններ են գալիս»,- փետրվարի 2-ին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Խոսելով Ադրբեջանի նախագահի վերջին ագրեսիվ հայտարարության մասին՝ Միրզոյանն ընդգծեց, որ ագրեսիվ և հակահայկական հռետորաբանությունն ու քայլերը սահմանին, հումանիտար հարցերը լուծելուց հրաժարվելը, գերիների պահելը, մեղմ ասած, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը:

«Չնայած դա եռակողմ հայտարարությամբ չէր ենթադրվում, այնուհանդերձ, հայկական կողմը փոխանցել է ականապատ դաշտերի քարտեզները, քանի որ մենք չենք ուզում, որ մարդիկ մահանան, և միակողմանի կարգով լուծեցինք հարցը»,- հիշեցրեց նախարարը։

«Պայմաններում, երբ Հայաստանն իսկապես շահագրգռված է և հայտարարում է խաղաղություն և կայունություն կառուցելու իր պատրաստակամության և ցանկության մասին, պետք է նաև մյուս կողմից կառուցողական մոտեցում լինի։ Դրան չի նպաստում ագրեսիվ և հակահայկական հռետորաբանությունը, այլ՝ հակառակը»,- ​​ասաց Միրզոյանը։ Նա հիշեցրեց, որ անցած տարվա դեկտեմբերին Հաագայի դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանությունը և կոչ արել և նույնիսկ ստիպել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը զերծ մնալ նման հռետորաբանությունից։