Ավստրիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 2-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Երկու երկրների արտգործնախարարները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: