Չեմ հիշում, թե ով է ստորագրել Մինսկի համաձայնագրերը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարություն է տարածել, ըստ որի Կիևը պատասխանատու է Դոնբասի վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունների համար և հայտարարել է, որ նորմանդական ձևաչափը (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա) համարում է տարածաշրջանում ճգնաժամի կարգավորման միակ աշխատանքային հարթակը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես չեմ հիշում, թե ով է ստորագրել Մինսկի համաձայնագրերը, բայց հստակ գիտեմ, թե ով պետք է իրականացնի դրանք»,- ասել է Զելենսկին Կիև ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք պատասխանատվությամբ ենք վերաբերվում որոշակի պայմանավորվածություններին։ Ես հասկանում եմ, թե ինչ են Մինսկի պայմանավորվածությունները»:

«Մենք հասկանում ենք, որ այսօր նորմանդական ձևաչափը  միակ հարթակն է, որն աշխատում է, սա միակ ձևաչափն է, որով առաջնորդները կարող են հանդիպել,- ասել է նա։-Չեմ ուզում խոսել Մինսկի կետերի մասին: Տարընթերցումներ, ես բավարարված չեմ բոլոր կետերով, մենք այլ վերաբերմունք ունենք Մինսկի պայմանավորվածությունների որոշ կետերի կատարման նկատմամբ։ Բայց մենք պետք է ինչ-որ բան անենք, ինչը մեզ թույլ կտա ազատագրել մեր տարածքները և պաշտպանել մեր պետությունը»,- հավելեց նա։

«Զուգահեռաբար, հավատացեք, մենք բազմաթիվ բանակցություններ ենք վարում եռակողմ ձևաչափերի, Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ ձևաչափերի շուրջ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ «Դա հեշտ չէ, բայց ոչ ոք չի դժգոհում, մեկ է՝ կհաղթենք բոլորին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը երկուշաբթի օրը հրապարակված Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ մինսկյան պայմանավորվածությունների կատարումը նշանակում է Ուկրաինայի կործանում։ Նրա խոսքով, մինսկյան համաձայնագրերը «ստորագրվել են ռուսական հրացանների տակ», և դրանք հնարավոր չէ իրականացնել։ Դանիլովը նաև ասել է, որ եթե արևմտյան երկրները «պնդեն մինսկյան պայմանավորվածությունների կատարումն այն տեսքով, ինչպիսին նրանք կան, դա շատ վտանգավոր կլինի» Ուկրաինայի համար։