Ավստրիայի ԱԳ նախարարը սատարում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն ԱԳՆ-ում տեղի ունեցած առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկել են և հայ-ավստրիական հարաբերությունները, և տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։

«Արմենպրեսի» տեղեկացմամբ, արտգործնախարար Միրզոյանը նախարար Շալենբերգի հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ իր տեղեկություններով։

«Ուրախությամբ պիտի նկատեմ, որ պարոն Շալենբերգը, միանշանակ, ողջունում և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և համանախագահության ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի՝ դեռ չլուծված հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև՝ իր աջակցությունն է հայտնում գոյություն ունեցող բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպիսիք են հայ ռազմագերիների հարցը և մշակութային հուշարձանների պահպանման և մատչելիության հարցերը»,- լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԳ նախարարը։

Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարար Արարատ Միրզոյանի և նախարար Շալենբերգի առանձնազրույցից և հայկական և ավստրիական կողմերի ընդլայնված կազմերով հանդիպումից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։