Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ հետաձգելով համայնքների խոշորացումը

«Պատերազմից առաջ գնում էինք համայնքների խոշորացման և համապատասխան հայեցակարգ էր մշակվում, սակայն, պատերազմի հետևանքները հաշվի առնելով, քաղաքական ուժերն առաջարկեցին, որ այդ ճանապարհով առայժմ չգնանք»,- Արցախի Հանրապետության ԱԺ այսօրվա նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ ներկայացնելով Արցախի Հանրապետության Սահմանադրությունում կատարվող փոփոխությունների նախագիծը:

Գործող Սահմանադրության 173-րդ հոդվածով սահմանվում է, որ վարչատարածքային բաժանման վերանայումը պետք է իրականացվի 2017 թվականին ընդունված Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ տարում:

Օրենքի նոր նախագծով առաջարկում է այդ ժամկետը երկարացնել մինչև 10 տարի:

Հայկ Խանումյանի խոսքով՝ առաջիկայում որոշ նախաձեռնություններ կլինեն միջհամայնքային հարաբերությունների մասով, որը խոշորացում չի ենթադրում, այլ՝ համայնքների համագործակցության մեխանիզմներ և այն նախատեսված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, բայց դրանց իրականացման համար համապատասխան մեխանիզմները բացակայում են:

Նախարարի խոսքով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը կգնա խոշորացման հետաձգման ճանապարհով՝ մինչև համապատասխան քաղաքական որոշում ընդունելը:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը երկու նախագիծ դրեց քվեարկության՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նախագիծն առաջին ընթերմամբ և փոփոխությունը Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ եզարկացություն ստանալու համար ԱՀ Գերագույն դատարանին ներկայացնելու նախագիծը:

Երկու նախագիծն էլ միաձայն՝ 30 կողմ քվեներով ընդունվեց:

ԱՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքների նախագծերը: