«Արդեն պարզ է, որ Ռուսաստանի հիմնարար մտահոգություններն անտեսվել են». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առաջին անգամ խոսել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկներին ԱՄՆ-ի պատասխանի կամ փոխադարձ առաջարկների մասին:

Ինչպես տեղեկացնում է «РИА Новости»-ին, երկրի ղեկավարի խոսքով՝ Կրեմլը չի ​​նկատել, որ ԱՄՆ-ն փորձել է հաշվի առնել այն երեք հիմնական պահանջները, որոնք ավելի վաղ հրապարակել է Ռուսաստանը։ Խոսքը, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելու, Ռուսաստանի սահմանների մոտ դաշինքի հարվածային համակարգեր չտեղակայելու, Եվրոպայում դաշինքի ռազմական ենթակառուցվածքը 1997թ. վիճակին վերադարձնելու մասին է։

«Մենք ուշադիր վերլուծում ենք հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված գրավոր պատասխանները։ Բայց արդեն պարզ է, որ Ռուսաստանի հիմնարար մտահոգություններն անտեսվել են»,- ասել է Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռ չի տվել իր հիմնական պատասխանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին։ Նա պարզաբանել էր, որ Պուտինը որոշում կկայացնի այդ հարցում, երբ «անհրաժեշտ համարի»։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն նույնպես այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռ «համահավաք» պատասխան է պատրաստում ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին։ Նա հաստատել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուղերձ է հղել իր արևմտյան գործընկերներին, մասնավորապես՝ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, բայց խոսքը վերաբերվում է անվտանգության անբաժանելիության սկզբունքի ըմբռնմանը, ինչը դեռ պատասխան չէ որպես այդպիսին։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, «The Washington Post»-ն այսօր հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մշտական ​​ներկայացուցիչների միջև «փոխհրաձգության» մասին: Ըստ այդմ, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլիյ Նեբենզյան կտրուկ վրդովվել է իր ամերիկացի գործընկերոջ` ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի խոսքերից, թե Ռուսաստանը  փորձում է Ուկրաինան և Արևմուտքը ներկայացնել որպես ագրեսորներ և այդպիսով Ուկրաինա «ներխուժման» պատրվակ ստանալ։ Նեբենզյան ասել է, որ Վաշինգտոնն ինքն է հրահրում էսկալացիան իր կեղծ մեղադրանքներով։

«Դուք սպասում եք, որ դա տեղի ունենա, կարծես ուզում եք, որ ձեր խոսքերն իրականություն դառնան»,- Նեբենզյայի խոսքն է մեջբերել «The Washington Post»-ը:

ՌԴ մշտական ​​ներկայացուցիչը մեղադրել է նաև Արևմուտքի պետություններին Ռուսաստանին սահմանակից երկրներում «մաքուր նացիստներին» իշխանության բերելու, ինչպես նաև Հիտլերի կողմում կռվածներին փառաբանելու մեջ։

Ի պատասխան մոտալուտ «ներխուժման» մասին հայտարարություններին, Նեբենզյան ընդգծել է, որ «ոչ մի ռուս քաղաքական կամ հասարակական գործիչ չի ասել, որ մենք ցանկանում ենք հարձակվել Ուկրաինայի վրա»։ Ամերիկյան հրատարակչության հոդվածագրի խոսքով՝ այս բանավոր առճակատումը դարձել է վերջին տարիների ամենասուրերից մեկը։

Այսօր հայտնի դարձավ նաև, որ ԱՄՆ Սենատը կարող է ընթացիկ շաբաթվա ընթացքում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթին, որը նախատեսվում է կիրառել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում։ Ավելի վաղ «Financial Times»-ի աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ պատժամիջոցները կազդեն Ռուսաստանի նախագահի մերձավոր շրջապատի և նրանց ընտանիքների վրա։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ռազմական գործողությունների բռնկման դեպքում ինքը կարող է անձնական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, իսկ Պուտինն էլ, իր հերթին, Բայդենին տեղեկացրել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում ռուս- ամերիկյան հարաբերությունների ամբողջական խզման մասին:

«Bloomberg»-ի փոխանցմամբ` Սենատում քննարկում են պատժամիջոցների կիրառման նպատակահարմարությունը մինչ Ուկրաինայի շուրջ իրավիճակի ենթադրյալ սրումը։ Սենատոր Քրիս Մերֆիի կարծիքով, Մոսկվան արդեն մեծ մասամբ հատել է «այն սահմանը, որն արժանի է որոշակի հետևանքների»։ Ըստ դեմոկրատ սենատոր Բենջամին Քարդինի, անհրաժեշտ է դիտարկել Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու տարբերակն Ուկրաինա ներխուժելու դեպքում:

Ռուսաստանը մերժում է Ուկրաինա ներխուժելու մտադրության վերաբերյալ ԱՄՆ-ի, Արևմուտքի բոլոր պնդումները, հայտարարում, որ չի ցանկանում պատերազմ, բայց թույլ չի տա, որ անտեսեն իր շահերը, միաժամանակ ԱՄՆ-ին և Արևմուտքին հիշեցնում է, որ Կիևը չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները. ուկրաինական իշխանությունները բանակի անձնակազմի կեսը կենտրոնացրել են Դոնբասի հետ շփման գծի մոտ և արգելված զինատեսակներից կրակում են աշխարհազորայինների վրա։

Ինչպես հայտնել են ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատանը, իրենք «չեն նահանջելու» ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի պատճառով, իր տարածքում զորքերի տեղակայումը Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան իրավունքն է: Ի պատասխան «Ղրիմի օկուպացիայի» և «Ուկրաինայի հետ սահմանին ավելի քան 100 000 զինծառայողների կենտրոնացման» մասին Պետքարտուղարության «Twitter»-ի գրառմանը, դիվանագետները նշել են, որ Միացյալ Նահանգները «խրախուսել է հեղաշրջումը Կիևում» և երկրին մատակարարում է զենքեր:

Դիվանագիտական ​​ներկայացուցչությունում նշել են նաև, որ լարվածության գեներատորը ոչ թե Մոսկվան է, այլ Վաշինգտոնը։ Նրանք ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը զենք է մատակարարում Ուկրաինայի իշխանություններին և աջակցում է Դոնբասի խնդրի ուժային լուծմանը։

 

Արթուր Հովհաննիսյան