Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ԱԱԾ-ն հետաքրքրություն է ցուցաբերել ամիսներ առաջ՝ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ԱԱԾ-ն առանձնահատուկ հետաքրքրություն սկսել է ցուցաբերել դեռևս ամիսներ առաջ, երբ կալանավորել է Նիկոլ Փաշինյանի աջակցին՝ ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերելու համար։ Ընդ որում, այդ որոշումը կայացվել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների գործով։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նվեր Մկրտչյանի նկատմամբ նախաքննական մարմինը որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ գործը դատարան ուղարկվելուց հետո Մկրտչյանը չի ներկայացել դատական նիստերին՝ ցուցաբերելով ոչ պատշաճ վարքագիծ։ Հենց այդ հանգամանքն էլ հիմք է հանդիսացել, որ ամբաստանյալի ոչ պատշաճ վարքագիծը զսպելու նպատակով դատարանը՝ դատավոր Բ. Բախշիյանի նախագահությամբ, փոփոխի ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և կալանավորելու որոշում կայացնի։ Հետագայում, երբ արդեն ռիսկերը չեզոքացել են, դատարանը նորից վերանայել է ամբաստանյալի խափանման միջոցը՝ այս անգամ կիրառելով գրավը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն փորձել է հիմքեր պեղել դատավորի նկատմամբ հետապնդում հարուցելու համար, իսկ ահա Աշոտ Մինասյանի կալանավորումը վերանայելուց հետո նոր թափով են լծվել գործին։ Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է՝ դատավոր Բորիս Բախշիյանը, գործի դատաքննության նախապատրաստման փուլում, քննության առնելով «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» խափանման միջոցի հարցը, որոշում է կայացրել կալանավորումը գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։

Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նախաքննության ընթացքում Մինասյանի նկատմամբ կալանավորումը կիրառվել էր դատախազաքննչական մարմինների մեկ տարվա «համառ» փորձերից հետո՝ դեռևս մեկ տարի առաջ ներկայացված միջնորդության հիման վրա՝ Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման, իշխանության զավթման և ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, մինչդեռ այդ գործն արդեն կարճվել է և Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել միայն ապօրինի զենք-զինամթերքի դրվագով։

Նկատի ունենալով քաղաքականապես զգայուն գործերով դատավորների նկատմամբ բիրտ ճնշումները և հետապնդումները՝ Մինասյանին ազատ արձակելու մասին որոշումից հետո մասնագիտական հանրությունը լուռ սպասում էր, թե երբ կթիրախավորվի նաև այս որոշումը կայացրած դատավորը և, թեև դատախազությունը պնդում է, որ Բորիս Բախշիյանին առնչվող գործը որևէ կապ չունի Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման հետ, անհերքելի փաստ է, որ նախաքննական մարմինը և դատախազությունը միայն սույն որոշումից հետո են «հիշել» ամիսներ առաջ կայացված դատական ակտի մասին»,-գրում է աղբյուրը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։