Հայաստանի նշանակությունը Թուրքիայի կովկասյան նոր՝ միջանկյալ քաղաքական ուղեգծում

Արդեն շուրջ 1 տարի մեծ տարածաշրջանում նկատվում են իրավիճակի և մթնոլորտի որակական փոփոխության դրական միտումներ։ Ըստ էության, դրանք արձանագրվում են տարածաշրջանային գրեթե բոլոր հակամարտային օջախների շուրջ։ Այսինքն՝ պայմանական «արաբական գարնան» գործընթացների մեկնարկից շուրջ 1 տասնամյակ անց տարածաշրջանում հիմնականում փոխվում է եղած խորքային և նոր հիմնախնդիրների կարգավորման հետ կապված մոտեցումները՝ հակամարտայինից դեպի համագործակցային գծով։

Այս միտումներն ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ և գուցե կրում են ժամանակավոր բնույթ, քանի որ չի փոխվել տարածաշրջանային հիմնախնդիրներում բախվող շահերի հակոտնյա բնույթը. պարզապես առավելագույնս սպառվել են հակամարտային մոտեցմամբ դրանց իրացման քաղաքական, աշխարհաքաղաքական և տնտեսական հնարավորությունները։

Նման փոփոխություններ արձանագրվում են նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ 2020 թ.-ն, ըստ էության դարձավ գագաթնակետը Թուրքիայի ռևիզիոնիստական և ռազմատենչ քաղաքականության, որի դրսևորման վերջին օջախն Այսրկովկասն էր՝ ի դեմս արցախյան 44-օրյա պատերազմի։ Մինչ այդ Անկարան հասցրել էր առավելագույնս ամրապնդվել Հյուսիսային Աֆրիկայում՝ Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Պարսից ծոցում՝ Կատարում, սահմանակից արաբական երկրներում (Սիրիա, Իրաք), Պաղեստինում և այլն։ Միով բանիվ՝ նախկին մոտեցմամբ արտաքին քաղաքական հաջողություններ արձանագրելու հնարավորություններն իջել էին զրոյական մակարդակի։

Վերոնշյալի համատեքստում արդեն փափուկ ուժի կիրառման միջոցով Այսրկովկասում ամրապնդվելու Անկարայի քաղաքական ուղեգծի շրջանակներում պետք է դիտարկել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այն, բացի երկկողմ բնույթից, ըստ էության, կարևորագույն բաղադրիչ է նաև «3+3» ձևաչափի միջոցով տարածաշրջանում ամրապնդվելու թուրքական նոր միջանկյալ ուղեգծի։

Հետևաբար, վերոնշյալը մեծացնում է նաև Երևանի մանևրի հնարավորությունները Անկարայի հետ «հավասարը հավասարի հետ» սկզբունքով երկխոսելու գործընթացում։ Այսինքն՝ եթե չստացվի Հայաստանի հետ երկխոսությունը, փաստացի Թուրքիան կձախողի Այսրկովկասում լիարժեք ամրապնդվելու քաղաքական ուղեգիծը։ Քանի որ Ադրբեջանում և Վրաստանում թուրքական ազդեցությունը հասել է առավելագույնի՝ խորացման դինամիկ միտումներով, իսկ Հայաստանում այն զրոյական մակարդակում է։ Բացի այդ, ներկա պայմաններում բացառապես Հայաստանի դիրքորոշումից է կախված թյուրքական հեղինակման արդեն «3+2» ձևաչափի հետագա կենսունակությունը, քանի որ Վրաստանը հրաժարվել է դրան մասնակցությունից։

Նաև Այսրկովկասում արձանագրվող վերոնշյալ միտումները միանշանակորեն ձեռնտու են Արևմուտքին, բայց հակասում են Ռուսաստանի և Իրանի շահերին, քանի որ Անկարայի դիրքերի ամրապնդումը միանշանակորեն տեղի է ունենալու նրանց հաշվին։ Հետևաբար, նման բազմաշերտ շահերի բախման տիրույթում Երևանի համար օրակարգային խնդիր է զգույշ, լայնախոհ, հեռատես գործելու անհրաժեշտությունը։

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից