Մեծամիտ արտահայտությունը, թե տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային, բացահայտ սուտ է․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Կարելի էր արժանապատվությունից ցածր համարել և չանդրադառնալ վերջին մեկուկես ամսվա ընթացքում հնչած ելույթներին և հարցազրույցներին, որոնք լի էին բացարձակ ստերով, կեղծիքներով, անճշտություններով և մանիպուլյացիաներով, բայց կա երկու հանգամանք, որ ինձ պարտադրեցին ընդունել Ձեր հրավերը: Այս մասին իր բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նխագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չկա մի այնպիսի տեղեկատվություն Արցախյան կարգավորման թեմայով, որին Սերժ Սարգսյանը տիրապետում է, իսկ ինքը` ոչ, և ամբողջական տեղեկատվությունը գտնվում է իր սեղանին 2018 թվականից սկսած:

«Այդ հանգամանքներից առաջինն այն է, որ այդ մեծամիտ արտահայտությունը, որը լսեցինք մենք բոլորս, որ իբր նա տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային և բանակցային պրոցեսին, ուղղակի բացահայտ սուտ է: Սուտ է այն պատճառով, որովհետև անհնար է ընթերցել փաստաթղթերը և ամբողջապես տեղյակ լինել բանակցային գործընթացի մասին: Փաստաթուղթ ընթերցելով  դա անհնար է: Ուղղակի նաև ասեմ, որ նույնիսկ ես չեմ կարող ասել, որ ամբողջովին տիրապետում եմ բոլոր մանրամասներին, որովհետև բացի նրանից, որ ես էի բանակցում, բայց կար նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նախապատրաստում էր այդ բանակցությունները, վարում էր նախնական բանակցություններ: Սա շատ կարևոր հանգամանք է:

Հարց է առաջանում՝ բա մենք երբ որ եկանք իշխանության, ինչպե՞ս պատահեց, որ մենք հենց այն գլխից սկսեցինք, մեր կարծիքով, ճիշտ ճանապարհով գնալ, որովհետև մենք՝ ոչ միայն ես, այլ նաև Էդվարդ Նալբանդյանը, ոչ թե ժամերով, ոչ թե օրերով, այլ ամիսներով, տարիներով քննարկում էինք հարցերն այն մարդկանց հետ, ովքեր քաջատեղյակ էին նախկին բոլոր փուլերին:

Կա այլ նկատառում ևս: Եթե այդպես մեծամտորեն հայտարարում են, որ տիրապետում են ամբողջական ինֆորմացիային, բա ինչպե՞ս եղավ, որ 2019 թվականին ընկան թակարդը, երբ որ իրենց առաջարկեցին նոր, այսպես ասեմ, փաստաթուղթ, և իրենք ընդունեցին այդ փաստաթուղթը որպես բանակցությունների համար հիմք, և մի ամբողջ տարի հայ հասարակությանը, և ոչ միայն հայ հասարակությանը, խաբում էին` ասելով հանդերձ, որ չկա բանակցային պրոցես»,-ասաց Սարգսյանը:

Նա հավելեց, որ մինչ Լավրովի գաղտնազերծելը, իրենք տագնապ էին հնչեցնում, ասում էին, որ ընթանում են բանակցություններ, որ կան նոր առաջարկություններ. «Որովհետև եթե չլինեին այդպիսիք, ապա արտգործնախարարը ժամերով ի՞նչ էր խոսում իր գործընկերոջ հետ` Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Ի վերջո, խայտառակվեցին, չէ՞, ամբողջ աշխարհով մեկ երբ որ, այո, արտգործնախարար Լավրովը բացահայտեց այդ պրոցեսը»: