2021-ի վիճակագրությունը ևս աղքատացման մասին է. տնտեսագետ

Այսօր հրապարակվեցին 2021թ․-ի ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ նախնական ցուցանիշները (հղումը՝ https://www.armstat.am/file/doc/99528678.pdf), որին անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ Ըստ նրա՝ ևս մեկ անգամ փաստվում է, որ Հայաստանում շարունակում է նվազել կյանքի որակը, զուգահեռաբար՝ աճում է աղքատությունը և սրվում են սոցիալական խնդիրները։

Տնտեսագետը փաստեր է ներկայացրել՝ հիմնվելով վիճակագրական տվյալների վրա։

1․ Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների մոտ ¼-րդը։ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է մոտ 21,7 տոկոսով։

Մասնավորապես՝ 2021թ․-ին նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է 68000 դրամ, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է մոտ 73400 դրամ։

2․ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին չեն ավելացել նաև սոցիալական նպաստի բազային և միջին չափերը, կենսաթոշակի նվազագույն և հիմնական չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները։

3․ 2022թ․-ին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։

Այսինքն՝ մոտ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից 485000-ի կամ 83 տոկոսի նպաստներն ու թոշակները չեն ավելացել նաև 2022թ․-ին։ Մնացած 17 տոկոսի նպաստներն ու թոշակներն ավելացել են աննշան չափերով՝ միջինը 2-3 հազար դրամով։

4․ Փոխարենը միայն 2021թ․-ին ունենք սպառողական գների 7,2 տոկոս, սննդամթերքի միջին գների 11,5 տոկոս, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի մոտ 21,5 տոկոս աճեր։ Իսկ 2022թ․-ի համար օրվա իշխանությունը կանխատեսել է սպառողական գների մինչև 5,5 տոկոս աճ։

5․ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,6 տոկոսով: Ինքնին խնդրահարույց է աճի այս ցուցանիշը՝ ընդամենը 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ֆոնին։

Նույնիսկ միջին աշխատավարձի ուռճացված աճի այս ցուցանիշը գրեթե 3 անգամ զիջում է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի աճին, սննդամթերքի միջին գնաճից պակաս է գրեթե 1,5 անգամ, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների (ձու, ձեթ, բանջարեղեն, շաքար և այլն) միջին գնաճից՝ գրեթե 4 անգամ։ Այլ կերպ ասած՝ 2021թ․-ին ևս աշխատողների միջին իրական աշխատավարձերը, հետևաբար նաև՝ գնողունակությունը նվազել են։

6․ 2021թ․-ին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրել, քան 2020թ․-ին, երբ առկա էին COVID-19-ի տնտեսական համատարած ու չարդարացված սահմանափակումների, դրան էլ գումարած՝ 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները։ Ընդ որում՝ 2019թ․-ի համեմատ 2020թ․-ին շուրջ 0,6 տոկոսային կետով աճել է աղքատության միջին մակարդակը, որի գործոնները սաստկացել են 2021թ․-ին և պահպանվում են 2022թ․-ին։ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու, քան այս տարի։

Փաստորեն՝ օրվա իշխանությունների կեղծ խոստումներն օր օրի բացահայտվում և փոխարինվում են ավելի մեծ ստերով։ Իր վերլուծությունն ամփոփել է տնտեսագետը։