Իմ մտքով էլ չէր կարող անցնել, որ կարող եմ դառնալ այդ պաշտոնի մասին գոնե մտածող մարդ․ Վահագն Խաչատրյան

Քանի որ այս պահին դեռևս չկա Հայաստանի ԱԺ նախագահի որոշումը, որով դադարեցվում են ՀՀ գործող նախագահի լիազորությունները, գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, որը ՀՀ նախագահի ՔՊ-ի թեկնածուն է:

«Դեռևս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնի»,-ասաց նա:

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ իր թեկնածությունն է ներկայացնելու ՔՊ-ն նախագահի պաշտոնում, նա ասաց. «Տեսականորեն պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, որ կար՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև այսօրվա նախարար: Այդ պայմաններում, կարծես, կարելի է ենթադրել, որ  ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում, հաշվի առնելով, որ նաև որպես այսօրվա կառավարության անդամ, նաև քաղաքական թիմի անդամ, կարող եմ ես առաջադրվել»:

Նա հավելեց, որ իր համար անակնկալ էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց. «Դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել, որ կարող եմ դառնալ այդ պաշտոնի մասին գոնե մտածող մարդ: Ես իմ գործն անում էի, գործս շատ էր, ես ինչ-որ ձևով կարողացա իմ համեմատաբար ազատ կյանքից հարմարվել ավելի սահմանափակ կյանքին, բավականին գոհ եմ, որ այդ հնարավորությունն ընձեռնվել է, որովհետև ինքնաճանաչողության մի շրջան էր: Գնահատողները դուք պետք է լինեք և այն մարդիկ, որոնք ակնկալիք ունեն մեր նախարարությունից»: