«ՔՊ»-ի նախագահի նոր թեկնածուն Վահագն Խաչատուրյանն է

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը։

Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը:

1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր:

1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:

2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահն է:

2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:

2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին:

 

Վաղը՝ հունվարի 31-ին ուժի մեջ կմտնի նախագահ Սարգսյանի հրաժարականի դիմումը: Նշենք, որ մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: