ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրության վերաբերյալ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝  «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ​​ֆիլմի ցուցադրության շուրջ «արհեստական ​​կրքեր բորբոքելու փորձերի» վերաբերյալ։

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կապի մեջ է ինչպես «Ռուսաստանի հայերի միության», այնպես էլ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող այլ հայկական կազմակերպությունների, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների հետ։

Դեսպանությունն ուշադրությամբ հետևում է նաև մամուլի հրապարակումներին և իր խորին մտահոգությունն է հայտնում հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները զրպարտելու մեջ շահագրգռված որոշ շրջանակների կողմից Հայաստանի անկախության մարտիկ Գ.Նժդեհի հիշատակը պղծելու փորձերի առնչությամբ։

«Անընդունելի ենք համարում այս թեմայի շուրջ շահարկումները և հորդորում ենք զերծ մնալ  սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»,-նշվում է հայտարարությունում։

Նշենք, որ տեղեկատվություն էր տարածվել, որ հունվարի 28-ին ադրբեջանական լոբբիի ջանքերով Մոսկվայում խափանվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 30-ամյակին նվիրված միջոցառումը, որում ներառված էր նաև Գարեգին Նժդեհի մասին ֆիլմը։