Ձեր համայնքից է լրագրողի դիմակի տակ թաքնված ապիկար քաղաքական գործիչը. Ավետիք Իշխանյան

«Մենք դժվար օրերն անցել ենք, բայց քանի որ իշխանություններին լուրջ քաղաքական դիմադրություն չկա, ապա ճնշումները լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ շարունակվելու են մինչև «հեղափոխության վերջնական հաղթանակը», որը պետք է լինի հետևյալը․ չպետք է լինի այնպիսի լրատվամիջոց և լրագրող, որը քննադատի իշխանություններին»,- Հայաստանի Ժուռնալիստների միության հերթական համագումարում  ունեցած ելույթում հայտնեց  «Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան  Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ հանրապետությանը դժվար ժամանակներ են սպասում, քանի որ իշխանությունների կողմից նման հարձակումների դեմ զսպիչ դեր կատարում են միայն հարաբերականորեն անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցները: «Լրագրողական միությունը հսկայական աշխատանք արեց այս ծանր իրավիճակում, երբ ոտնահարվում էր խոսքի ազատությունը, և լրագրողների նկատմամբ բռնություններ են տեղի ունենում»,-ասաց նա:

Իշխանյանի խոսքով՝ ինչքան էլ խոսեն անկախ լրատվամիջոնցերի մասին, միևնույն  է, աշխարհում անկախ նրանք չկան, քանի որ այս կամ այն չափով քաղաքական կամ պետական ազդեցության տակ են:
«Այն ինչ կատարվում է Հայաստանում, երևակայությունից դուրս է, քանի որ հստակ միակողմանի քարոզչություն է կատարվում հատկապես նախկին և այսօրվա լրագրողների կողմից՝ ատամներով պաշտպանելով այսօրվա իշխանությանը»,-նկատեց իրավապաշտպանը և հավելեց, որ իշխանությանը սուր քննադատող լրատվամիջոցներ էլ կան, բայց, միևնույն է, նրանց միջև բալանսը խախտված է:

«Ցավոք սրտի ձեր համայնքից  է լրագրողի դիմակի տակ թաքնված ապիկար քաղաքական գործիչը»,-խոսքն ավարտեց Ավետիք Իշխանյանը։