Զելենսկին վախենում է, որ ԱՄՆ-ը միտումնավոր ուռճացնում է Ուկրաինային սպառնացող վտանգը. Politico

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտավախություն ունի, որ ԱՄՆ վարչակազմը կարող է միտումնավոր ուռճացնել իր երկիր ռուսական ներխուժման ենթադրյալ սպառնալիքը, քանի որ դա Վաշինգտոնի համար կհեշտացնի ապագայում Մոսկվայի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելը։ Այս վարկածը շրջանառվում է՝ հղումով տալով ուրբաթ օրը ամերիկյան Politico թերթում հրապարակված հոդվածում աղբյուրներին։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Նոյեմբերին Զելենսկին այնքան բարձր է ահազանգել, ավելի բարձր հնարավոր չէ»,- նշվում է հոդվածում։ «Սակայն վերջին ժամանակներս Զելենսկին փորձում է հանգստության տպավորություն ստեղծել և իր գործընկերներին, մասնավորապես՝ նախագահ Ջո Բայդենին ասում է, որ Ռուսաստանի հետ առճակատումն այնքան էլ սարսափելի չէ»,- ընդգծում է հրատարակությունը։

«Զելենսկու մտքի փոփոխությունը, ըստ նրա և իր թիմի մերձավորների, մասամբ պայմանավորված է Բայդենի վարչակազմի նկատմամբ աճող նյարդայնացմամբ: Ուկրաինայի և որոշ եվրոպական երկրների պաշտոնյաներ կարծում են, որ ԱՄՆ-ը վաղաժամ և անհիմն թույլ է տվել դիվանագետներին լքել Ուկրաինան, ինչը վախեցրել է տեղացիներին, ինչպես նաև ֆինանսական շուկաներին: Դրա պատճառով Կիևի համար փոխառությունների արժեքը բարձրացել է»,- նշվում է հոդվածում։

«Ավելին, ըստ մի աղբյուրի, Զելենսկին վախենում է, որ Միացյալ Նահանգները միտումնավոր ուռճացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սպառնալիքը, քանի որ դա քաղաքական տարածք կտա Կրեմլի հետ այնպիսի պայմանագրեր կնքելու համար, որոնք կուժեղացնեն Մոսկվայի վերահսկողությունը Դոնբասի նկատմամբ։ Բայդենի վարչակազմն արդեն վաղուց հերքում է, որ նման բան դիտարկվում է»,- ընդգծում է թերթը։

Զելենսկին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում դժգոհություն է հայտնել Արևմուտքում պատերազմի անխուսափելիության մասին լուրերի սրման առնչությամբ։ «Դա այդպես չէ»,- ասել է նա և ընդգծել, որ Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակի շուրջ խուճապ առաջացնելը շատ թանկ արժե իր երկրի համար։ Ուկրաինայի ղեկավարը սխալ և չափազանցված է անվանել մի շարք երկրների գործողությունները, որոնք տարհանել են իրենց դիվանագետներին կամ նրանց ընտանիքի անդամներին Կիևից և իրավիճակը համեմատել Տիտանիկից փախչելու հետ։ «Կարծում եմ, որ մենք «Տիտանիկի» իրավիճակ չունենք»:

Հինգշաբթի օրը Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ։ Դրանից հետո Վաշինգտոնի վարչակազմը հերքեց լրագրողների այն պնդումները, թե ԱՄՆ նախագահը Ուկրաինայի առաջնորդին ասել է, որ Ուկրաինա ներխուժումը գրեթե անխուսափելի է։

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։