Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպան Սալիվանը մեկնել ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի և Ղրիմի թերակղզու շուրջ իրավիճակը շարունակում է թեժանալ։ Սրանում համոզվելու համար պետք չէ նայել ԱՄՆ-ի, Կիևի և ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի հայտարարություններին, բավական է ուշադրություն դարձնել, թե ինչ է կատարվում Ղրիմում և Ռուսաստանի այլ շրջաններում, որոնք աշխարհագրորեն մոտ են Ուկրաինային։ Ինչպես նաև՝ հետևել այն հայտարարություններին, որոնք այժմ աշխարհին են հասնում Մոսկվայից։

Այսպիսով, հունվարի 26-ին ՌԴ պետդումայում ելույթ ունենալով կառավարության ժամի ընթացքում, ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը անկեղծորեն հայտարարել է. «Այլ կարծիք ունեցողների, այլախոհների, որոնք ինքնուրույն քաղաքականություն են վարում, առաջին հերթին՝ մեր երկրին և ՉԺՀ-ին, Արևմուտքը փորձում է, ինչպես իրենք են ասում, պատժել բոլոր տեսակի ոչ պիտանի գործիքների օգնությամբ, ինչպիսիք են տարբեր տեսակի պատժամիջոցները, դիվահարությունը (դեմոնիզացիա) մեդիա տարածքում, հատուկ ծառայությունների սադրանքները և շատ ավելին»,- մեջբերում է նրա խոսքերը ՏԱՍՍ գործակալությունը։

Շարունակելով Արևմուտքի արկածների և սադրանքների թեման՝ ռուս նախարարը նաև հայտարարել է. «Եթե կառուցողական պատասխան չլինի [անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին], և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ կուրսը, ապա Մոսկվան, ինչպես նախագահը բազմիցս հայտարարել է, կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ։ Ամեն դեպքում, բոլորը պետք է ելնեն նրանից, որ Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգությունը անվերապահ առաջնահերթություն է, և այն հուսալիորեն ապահովվելու է բոլոր հանգամանքներում»։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 21-ին Ժնևում կայացած հանդիպման ժամանակ խոստացել էր, որ Մոսկվան կստանա «գրավոր, հոդված առ հոդված պատասխաններ, որոնք բացատրում են ԱՄՆ դիրքորոշումը» Ռուսաստանի Դաշնության կոնկրետ պահանջների վերաբերյալ: «Կախված այս պատասխանի բովանդակությունից՝ մենք այլ գերատեսչությունների մեր գործընկերների հետ կնախապատրաստենք առաջարկներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետագա քայլերի վերաբերյալ։ Մենք թույլ չենք տա, որ մեր նախագծերն ավարտվեն անվերջ քննարկումներով, իսկ նման միտումը հստակ երևում է, հատկապես ԵԱՀԿ-ում այս ամբողջ թեման հանելու փորձերում կամ Եվրամիության կողմից դրա համար տեղ գտնելու համառ կոչերով։ Մենք թույլ չենք տա, որ մեր նախաձեռնությունը անտեսվի»,- նշել է նախարար Լավրովը։

Ռուսաստանի Դաշնության պետդումայում ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունների ֆոնին պատահական չէ, որ 2022 թվականի հունվարի 26-ին Սև ծովում սկսվել են ռուս զինվորականների լայնածավալ ռազմածովային զորավարժություններ։ Այս զորավարժություններին մասնակցելու համար Ռուսաստանի Սևծովյան նավատորմի (ՍԾՆ) ավելի քան 20 նավ, մարտական մոտորա​​նավ և ռազմանավեր լքել են իրենց բազաները Սևաստոպոլում և Նովոռոսիյսկում: «Սև ծովում զորավարժությունների շրջանակներում ֆրեգատները, պարեկային նավերը, փոքր հրթիռային նավեր և հրթիռային մոտորանավեր, դեսանտային նավեր, փոքր հակասուզանավեր, ինչպես նաև ականակիրներ ներգրավված են տարաբնույթ խմբավորումներում, ռազմածովային հարվածային խմբերում և դեսանտային նավերի ջոկատներում»,- հունվարի 26-ին հաղորդել է ՍԾՆ-ի մամուլի ծառայությունը: Նրանք նշել են, որ նշանակված տարածքներին անցնելիս նավերի անձնակազմերը մի շարք վարժանքներ կանցկացնեն՝ կապի կազմակերպման, ինտենսիվ նավարկություն ունեցող տարածքներում անվտանգ մանևրելու և ծովում հակաօդային պաշտպանության կազմակերպման վերաբերյալ։

Ավելի վաղ Ռուսաստանի ռազմածովայինները հայտնել էին, որ Հյուսիսային նավատորմի ռազմանավերի և օժանդակ նավերի ջոկատը հունվարի 25-ին մտել է Բարենցի ծով՝ Արկտիկական ուժերի և զորքերի էքսպեդիցիոն խմբի հետ վարժանքների շրջանակներում։ Նաև հունվարի 24-ին ռազմանավերի ջոկատը և Բալթյան նավատորմը մեկնել են երկար ծովային ճանապարհորդության: ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հունվար-փետրվարին ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն ռուսական նավատորմի պատասխանատվության բոլոր ոլորտներում՝ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովի ընդհանուր հսկողության ներքո։ Զորավարժությունների հիմնական նպատակն է մշակել ռազմածովային և Օդատիեզերական ուժերի գործողությունները օվկիանոսներում Ռուսաստանի ազգային շահերը պաշտպանելու, ինչպես նաև ծովային և օվկիանոսային ուղղություններից ռուսական ռազմական սպառնալիքներին դիմակայելու համար: Զորավարժությունները կընդգրկեն Ռուսաստանի տարածքին հարող ծովերի ջրերը, ինչպես նաև Համաշխարհային օվկիանոսի օպերատիվ կարևոր տարածքները։ Առանձին վարժանքներ կանցկացվեն Միջերկրական, Հյուսիսային, Օխոտի ծովերի ջրերում, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան հատվածում և Խաղաղ օվկիանոսում։ Ընդհանուր առմամբ, միջոցառումներին ծրագրվում է ներգրավել ավելի քան 140 ռազմանավ և օժանդակ նավեր, ավելի քան 60 ինքնաթիռ, 1000 միավոր զինտեխնիկա և մոտ 10 000 զինվորական անձնակազմ։

Տեղեկություններ կան նաև, որ հունվարի 26-ի երեկոյան ՌԴ ԱԳՆ էր ժամանել ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը, սակայն նա լրագրողներին չի մեկնաբանել ՌԴ ԱԳՆ ժամանելու պատճառը։ Ամերիկացի դիվանագետը մտել է ԱԳՆ շենք և վերջ։ Այլևս ոչինչ չի հաղորդվել։ Թեև մինչ Սալիվանի ժամանելը ՌԴ ԱԳՆ, ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել էին, որ ամերիկյան կողմը մտադիր է չորեքշաբթի օրը՝ հունվարի 26-ին, գրավոր պատասխաններ ուղարկել Մոսկվային անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ամերիկա-իսրայելական «Bloomberg» գործակալությանը, հայտնում է, որ ԱՄՆ-ը իբր արդեն պատասխան է ուղարկել Ռուսաստանի անվտանգության առաջարկներին։ «Միացյալ Նահանգների գրավոր պատասխանն արդեն տրվել է Ռուսաստանին», – Թվիթերում գրել է «Bloomberg»-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը:

Սպասենք իրադարձութոյւնների զարգացմանը և հայտարարություններին։

Սերգեյ Շաքարյանց