Ղրղզստանի հետ սահմանային բախման հետևանքով Տաջիկստանի երկու քաղաքացի է զոհվել

Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն (GKNB) հաղորդել է երկու զոհի և 10 վիրավորի մասին՝ հինգշաբթի օրը Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տեղի ունեցած զինված հակամարտության ժամանակ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը «Հովար» լրատվական գործակալության կայքում։

Պետական կոմիտեն հայտնել է, որ Ղրղզստանի հետ սահմանին զինված բախման ընթացքում զոհվել են Տաջիկստանի երկու քաղաքացիներ: Սահմանամերձ գյուղի բնակիչը, մահացել է ղրղզ զինվորականների կողմից իր բակը ռմբակոծելու հետևանքով: Զոհվել է նաև շտապօգնության վարորդը, որը հրետակոծության ժամանակ տեղափոխում էր տեղի վիրավոր բնակիչներին:

«Տաջիկստանի կողմից սահմանային բախման հետևանքով տուժել է ևս 10 մարդ, որից վեցը զինծառայող է, չորսը՝ խաղաղ բնակիչ»,- հայտնել են գերատեսչությունից։

Տաջիկստանի և Ղրղզստանի իրավասու մարմինների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել հյուսիսային Տաջիկստանի Սուղդի շրջանի Իսֆարա քաղաքի տարածքում, կողմերն ուսումնասիրում են երկու հանրապետությունների սահմանին տեղի ունեցած  բախման պատճառները։

«Ներկայումս իրավիճակը Տաջիկստանի և Ղրղզստանի պետական սահմանին կայուն է, երկու կողմերի համապատասխան կառույցների համատեղ հանձնաժողովն ուսումնասիրում է սահմանային միջադեպի պատճառներն ու գործոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը, վերհանելով և քննարկելով զինված սահմանային հակամարտության մանրամասները, հայտարարել են հունվարի 28-ին ժամը 08:00-ին հրադադարի հասնելու և բոլոր լրացուցիչ ուժերն ու տեխնիկան մշտական տեղակայման վայր վերադարձնելու վերաբերյալ: