Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը օրակարգում չկա

ՆԱՏՕ-ն ներկայումս չի պատրաստվում իր շարքերն ընդունել Արևելյան Եվրոպայի նոր երկրներին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը ուրբաթ օրը Funke խմբագրական խմբի թերթերի տարածած հարցազրույցում։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Ներկա պահին ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Արևելք ընդհանրապես չի նախատեսվում, ուստի ես Մոսկվայում երկար քննարկում ունեցա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այն մասին, թե ինչի շուրջ ենք մենք ընդհանրապես վիճում»,- ասել է Բերբոկը։

Պատասխանելով ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի ցանկության մասին հարցին՝ նախարարը պատասխանել է. «Բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, գիտեն, որ դա ներկայումս օրակարգում չկա»։ Միաժամանակ նա կրկնել է իր նախկին միտքը, որ յուրաքանչյուր երկիր կարող է ինքնուրույն ընտրել, թե որ դաշինքներին կցանկանա միանալ։

Նրա խոսքով, Դոնբասի բնակիչները երկար ժամանակ տառապում են պատերազմի պատճառով։ «Խոսքը այս մասին է, այլ ոչ թե ՆԱՏՕ ուղիղ մուտքի»,- մատնանշել է ԱԳՆ ղեկավարը։ Բերբոկը նշել է, որ «ամենակարևոր խնդիրն» է հասնել Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանը՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը բարելավելու նպատակով։

Անցած տարվա դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ը հրապարակեց անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական համաձայնագրերի նախագծերը, որոնք Մոսկվան ակնկալում է Վաշինգտոնից և ՆԱՏՕ-ից։ Երկու համաձայնագրեր՝ ԱՄՆ-ի և դաշինքի անդամների հետ, ի թիվս այլ բաների, ենթադրում են ՆԱՏՕ-ի արևելք ընդլայնման մերժում, այդ թվում՝ Ուկրաինային դրանում ընդունելու մերժում, ինչպես նաև լուրջ հարձակողական սպառազինությունների, մասնավորապես՝ միջուկային զենքերի տեղակայման սահմանափակումների սահմանում։ Արդեն իսկ անցկացվել են տարբեր ձևաչափերով խորհրդակցությունների մի քանի փուլ, սակայն համաձայնությունների մասին դեռևս չի հայտարարվել։

Հունվարի 26-ին ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Ռուսաստանին գրավոր պատասխան են տվել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին։ ԱՄՆ-ի պատասխանները դրական արձագանք չեն պարունակում ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման անթույլատրելիության հիմնական խնդրին, հինգշաբթի ասել է Լավրովը։