Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի կոալիցիան շատ ցավոտ կլինի Արևմուտքի համար

Իրանի և Չինաստանի և Ռուսաստանի հետ առավելագույն մերձեցման իրանական քաղաքականության մասին վերջին նյութերից հետո սոցցանցերում այս տողերի հեղինակին մեղադրել են (ըստ ամենայնի՝ Հայաստանի թուրքամետ և արևմտամետ «զարգացման ուղու» կողմնակիցները…) «իրականության» իբր «վատ ընկալման» մեջ։ Անկեղծ ասած, չէինք անդրադառնա Իրանի ռազմավարական, աշխարհաքաղաքական ընթացքին մոլորակային քաղաքակրթության զարգացման ներկա փուլում, եթե չլինեին հունվարի 24-ի արժանահիշատակ իրողությունը։ Իսկ իրողությունը հետևյալն էր․ Ռուսաստանում Իրանի դեսպան Ղասեմ Ջալալին աշխատանքային այց կատարեց Հյուսիսային Կովկաս, ավելի կոնկրետ՝ իրանախոս Հյուսիսային Օսիա։ Թե՛ Հայաստանի հանրության, թե՛ Ռուսաստանի հայության համար չափազանց կարևոր է իմանալ, որ Իրանը ոչ մի պահ առանց իր ուշադրության չի թողնում Իրանական աշխարհին մոտ կանգնած ժողովուրդներին։ Մասնավորապես՝ Հյուսիսային Օսիային: Մենք նաև գիտենք, որ Իրանի և Հարավային Օսիայի Հանրապետության միջև կան նույնպես կայացած հարաբերություններ։ Որպեսզի ոչ այնքան բանիմաց մարդիկ իրենց ուղեղում «հեղափոխություն» չսկսեն, կարող ենք բացատրել. օսերի ինքնանուններից մեկը հնչում է ճիշտ այնպես, ինչպես Իրան բառը՝ Իրուն … Ազգագրագետ կամ լեզվաբան պետք չէ լինել անմիջապես հասկանալու համար. օսերն իրանցի ժողովուրդ են: Այդ իսկ պատճառով պարոն Ջալալիի ուղևորությունն առանձնանում է Ռուսաստանում Իրանի դեսպանատան ողջ դիվանագիտական ​​առաքելության ֆոնին։

Բայց այստեղ կարևոր է նաև իմանալ, թե ինչ է ասել պարոն Ջալալին Հյուսիսային Օսիա կատարած այցի ժամանակ։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նա լրագրողներին ասել է, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հնարավոր կոալիցիան շատ ցավալի կլինի Արևմուտքի համար։ Եվ նա բացատրություն տվեց, թե ինչու է համոզված դրանում։ «Բնականաբար, Միացյալ Նահանգները և ընդհանրապես Արևմուտքը մտահոգված է նոր կոալիցիաներով, որոնք այժմ կառուցվում են միջազգային հարթակում։ Նման ռազմավարական կոալիցիաների օրինակ է Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոալիցիան», – ասել է դեսպանը։ Ղ. Ջալալին Ռուսաստանը բնութագրել է որպես խոշոր տերություն՝ հսկայական տնտեսական, պաշտպանական, ռազմական և տեխնոլոգիական ներուժով։ Չինաստանը, նրա խոսքով, մոտ է ԱՄՆ-ից առաջ անցնելուն տնտեսական աճի ցուցանիշով։ Իրանը, ըստ Ջալալիի, տնտեսապես զարգացած խոշոր երկիր է, որը հսկայական առաջընթաց է գրանցել իր պաշտպանական արդյունաբերության մեջ։ «Այդ իսկ պատճառով Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի մասնակցությամբ նման կոալիցիայի ստեղծումը շատ ցավալի կլինի Արևմուտքի համար»,- ասել է իրանցի դիվանագետը։

Մենք մեր պարտքն ենք համարում հիշեցնել, որ Իրանն առաջին անգամը չէ, որ Եվրասիայի տերություններին կոչ է անում ձևավորել աշխարհի նորագույն ռազմական-ռազմավարական և աշխարհաքաղաքական բևեռը։ Դեռևս 2015 թվականի ապրիլին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհգանն առաջարկեց զարգացնել ռազմական համագործակցությունը Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև՝ դեպի արևելք ՆԱՏՕի ընդլայնմանը, ինչպես նաև ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համաշխարհային համակարգի տեղակայմանը դիմակայելու համար: Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր հայտարարությունն արել է Մոսկվայում կայացած Անվտանգության հարցերին նվիրված IV միջազգային համաժողովում։ Այդ տարի Իրանի պաշտպանության նախարարը կոչ արեց Հնդկաստանին, Չինաստանին և Ռուսաստանին ավելի ակտիվ համագործակցել և խորհրդակցություններ սկսել նշված հարցի շուրջ։ Դեհգանն իր ելույթի բավականին մեծ հատվածը նվիրել էր Սաուդյան Արաբիայի թեմային և տարբեր ահաբեկչական խմբավորումների հովանավորությանը։ Միաժամանակ Իրանի պաշտպանության նախարարության ղեկավարն ընդգծել էր այդ խմբավորումների տարածման վտանգը դեպի Աֆղանստան, Հյուսիսային Կովկաս, Կենտրոնական Ասիա, Հնդկաստան, Արևմտյան Չինաստան և Եվրոպա։ Ելույթի վերջին մասում իրանցի նախարարը նշել է Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնմանը և ԱՄՆ-ի գլոբալ հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայմանը համատեղ հակազդելու նպատակով, և ընդգծել. «Ես և իմ երկիրը պատրաստ ենք սկսել խորհրդակցություններ և համագործակցություն»։

Այդ ժամանակվանից անցել է 7 տարի, սակայն այժմ, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ Ռուսաստան կատարած վերջին պաշտոնական այցի լույսի ներքո, աշխարհն իրավունք ունի ակնկալելու Իրանի 7-ամյա նախաձեռնության վերակենդանացմանը։ Ավելին, Իրանն արդեն դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ-ի) լիիրավ անդամ և Չինաստանի հետ ստորագրել է 25 տարվա ռազմավարական դաշնագիր։

Սերգեյ Շաքարյանց