Իրանի կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին Նորդուզ-Սյունիք-Երևան ճանապարհն է. Իրանի դեսպանի հարցազրույցը

Գրեթե երկու տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում, և իմ տպավորություններից մեկն այն է, որ մենք պետք է բարձրացնենք միմյանց մասին ունեցած մեր ճանաչողության մակարդակը: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Նրա խոսքով, բոլոր ոլորտներում էլ հնարավոր է բարելավել հարաբերությունները, և դրա համար մեծ խոչընդոտներ չկան:

Ի թիվս մի շարք հարցերի՝ դեսպանը կարևորում է ե՛ւ հայ և իրանցի գործարար շրջանակների շփումների ակտիվացումը, ե՛ւ միջպետական ճանապարհների բարեկարգման նախագծերն ավարտելը:

Տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը մեծապես կարող է նպաստել Թեհրանի նախաձեռնած «Պարսից ծոց -Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որի մաս է կազմում Հայաստանով անցնող «Հյուսիս -Հարավ» ավտոճանապարհը:

«Մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ավազանի հսկայական բնակչությունը հարմար երթուղի է ձեռք բերում բեռները դեպի Սև ծով և Եվրոպա փոխադրելու համար, և որպես կանոն դրանից հիմնականում կշահեն երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրները», – շեշտել է Աբբաս Բադախշան Զոհուրին:

Նախագծի ամենաազդեցիկ և կարևոր հատվածներից մեկն, ըստ դեսպանի, «Հյուսիս – Հարավ»-ի չորրորդ տրանշի մի մասն է, որը կմիացնի Քաջարանը և Սիսիանը մի շարք կամուրջներով և թունելներով:

Իրանի կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին Նորդուզ-Սյունիք-Երևան ցամաքային ճանապարհն է:

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացը, որն իրականացվում է՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դեսպան Զոհուրիի խոսքով՝ եթե Նախիջևանի ճանապարհները բացվեն՝ Իրանի և Հայաստանի միջև կապ կհաստատվի Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային կարճ ճանապարհով:

Միևնույն ժամանակ իրանցի դիվանագետը ընդգծում է, որ առաջարկվող նոր տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Սյունիքի մարզով ցամաքային ճանապարհի և Հայաստանի տարածքում՝ «Հյուսիս-Հարավ» նախագծի կարևորությունը:

«Հիմնական և ամենաազդեցիկ նախագիծը Հայաստանի «Հյուսիս – Հարավ» ճանապարհի չորրորդ տրանշի մի մասն է, որը Քաջարան և Սիսիան քաղաքները ուղղակիորեն միացնում է մի շարք կամուրջներով և թունելներով: Այս նախագծի իրականացման արդյունքում սահմանից մինչև Երևան երթուղին կկրճատվի մոտավորապես 60 կիլոմետրով, իսկ ժամանակի առումով կնվազի մոտ 2-3 ժամով, ինչը կարևոր զարգացում կլինի: Այդպիսով, հարմար տարբերակ կստեղծվի Իրանի հարավային նավահանգիստներից Սև ծով բեռների փոխադրման համար, ինչը գրավիչ կլինի ոչ միայն Իրանի ու Հայաստանի, այլև այս երթուղու երկու կողմում գտնվող բազմաթիվ երկրների համար»,-նշել է դեսպանը: