Ադրբեջանի ԶԼՄ-ների մասին օրենքը խախտում է մարդու իրավունքները. ԵԽ ՄԻ հանձնակատար

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը քննադատել է Ադրբեջանում լրատվամիջոցների մասին նոր օրենքը։

«Լրատվամիջոցների մասին նոր օրենքը լուրջ մտահոգություններ է առաջացնում մարդու իրավունքների միջազգային չափանիշների վերաբերյալ՝ կապված խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության հետ», – գրել է Միյատովիչը Twitter-ում:

Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է օրենքը վերադարձնել խորհրդարան՝ էական վերանայման համար և ընթերցել այս հարցի վերաբերյալ իր նամակը, որում գրում է, որ նոր ընդունված օրենքը ավելի է վատացնում երկրում խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության իրավիճակը՝ մեծացնելով ԶԼՄ-ների ոլորտը կարգավորող պետական ​​մարմինների հայեցողական լիազորություններ, այդ թվում՝ լիցենզավորման, լրագրողների աշխատանքը չափազանց սահմանափակելու և լրատվամիջոցների ու կազմակերպությունների ֆինանսական, իրավական և գործառնական գործունեության վրա մի շարք սահմանափակումների սահմանման միջոցով։

Միյատովիչը  նաև ընդգծել է խոսքի և լրատվամիջոցների ազատության միջազգային և եվրոպական չափանիշներին օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։