Մեծ Բրիտանիան կարող է զորքեր տեղակայել Սլովակիայում

Մեծ Բրիտանիան դիտարկում է Սլովակիա զորքեր ուղարկելու հարցը՝ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերն ամրապնդելու համար: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Sky News  հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Նրանց տվյալներով՝ կազմակերպությունը Արևելյան Եվրոպայում զորքերի տեղակայումը համարում է Ուկրաինային Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ սպառնալիքից պաշտպանելու հնարավոր տարբերակներից մեկը։ Սակայն այս որոշումը դեռ չի հաստատվել։

Ավելի վաղ The Daily Telegraph-ը, հղում անելով բրիտանական պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ը դիտարկում են Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա 1000-ական զինծառայող ուղարկելու հարցը։ Բացի այդ, ինչպես նշում է The Times-ը, դիտարկվող տարբերակներից մեկը բրիտանական ֆրեգատ ուղարկելն է Սև ծով։

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Պեսկովը նման տեղեկատվությունն անվանել է դատարկ և լարվածության անհիմն սրացում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում։ Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։