ԱՄՆ–ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության վերաբերյալ առաջարկների պատասխանը

ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության ոլորտի առաջարկների պատասխանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Bloomberg գործակալությանը։

«ԱՄՆ-ի գրավոր պատասխանն արդեն փոխանցվել է Ռուսաստանին», – հայտնել է գործակալության թղթակիցը:

Ըստ տեղեկությունների` փաստաթուղթը ՌԴ ԱԳՆ է տարել Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։ Դիվանագետի մեքենան նախարարության շենքին է մոտեցել Երևանի ժամանակով 20։30-ին։

Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ամերիկյան կողմը գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։