ԱՊՀ երկրները կպաշտպանեն իրենց գործընկերների անվտանգությունն ու ինքնիշխանությունը. Վալենտինա Մատվիենկո

ԱՊՀ երկրները պատրաստ են կանգնելու գործընկերների անվտանգության և ինքնիշխանության պաշտպանությանը դրսից սպառնալիքի դեպքում: Հունվարի 26-ին այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Խորհրդանշական է, որ (ԱՊՀ-ի Միջխորհրդարանական) վեհաժողովի հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստը տեղի կունենա հենց Ղազախստանում՝ Ալմաթիում: Չէ՞ որ հենց այնտեղ է 30 տարի առաջ ստորագրվել Միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման համաձայնագիրը: Իմ կարծիքով, դա ինչպես երբեք, լավագույնս վկայում մեր երկրների միասնության անխախտությունը, այն, որ մեր ժողովուրդների բարեկամությունը տարեցտարի ավելի ու ավելի հաստատուն է դառնում:

Եվ եթե հանկարծ սպառնալիք ծագի դրսից, ապա մենք անխորտակելի պատնեշով կկանգնենք մեր գործընկերների անվտանգության ու ինքնիշխանության պաշտպանության համար»,- ասել է Դաշնության խորհրդի խոսնակը՝ բացելով գարնանային նստաշրջանը: Նա հավելել է, որ տարեսկզբին ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունը Ղազախստանում, «ակնհայտորեն ցույց տվեց դա»: Բացի դրանից, ինչպես նշել է խորհրդարանի վերին պալատի նախագահը, սկսված տարում ակտիվ միջազգային գործունեություն կվարվի նաև Միջխորհրդարանական միության, Ասիա-խաղաղօվկիանոսյան խորհրդարանական համաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գծով: