Խոշոր ընկերությունները կոչ են արել Բայդենին՝ զգուշություն դրսևորել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներում

Ամերիկյան մի շարք խոշոր  ընկերություններ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին և Կոնգրեսին կոչ են անում՝ զգուշություն դրսևորել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում: Այդ մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»:

Արևմտյան երկրները Ռուսաստանին սպառնում են աննախադեպ պատժամիջոցներով՝ ի դեպս Ուկրաինայում էսկալացման: Ուկրաինայի իրադրության էսկալացման վերաբերյալ Ռուսաստանին վերագրվող պլանները Մոսկվայում կտրականապես հերքում են և մշտապես հայտարարում, որ ոչ ոքի ոչնչով չեն սպառնում, իսկ այդ բոլոր հայտարարությունները որպես պատրվակ են օգտագործվում, որպեսզի ՆԱՏՕ-ի ավելի շատ  ռազմական տեխնիկա տեղակայեն Ռուսաստանի սահմանների մերձակայքում:

«Բայդենի վարչակազմը և Կոնգրեսը պետք է պարզաբանեն մանրամասներն այն դեպքում, եթե իրենք հետևելու լինեն պատժամիջոցների սպառնալիքին»,-Reuters գործակալությանը հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային խորհրդի արտաքին առևտրի (NFTC) հարցերով ղեկավար Ջեյք Քոլվինը: Հաղորդվում է, որ NFTC առևտրի ընկերակցությունը, որի մեջ, մասնավորապես, մտնում են Chevron-ը և General Electric-ը, Սպիտակ տանը խնդրում է՝ քննարկել Ռուսաստանում բիզնես ունեցող ընկերություններին իրենց պարտավորությունները կատարել թույլ տալու հնարավորությունը:

Բացի այդ, ընկերակցությունը նաև խնդրում է, որպեսզի որոշակի արտադրանք ազատվի պատժամիջոցների գործողություններից: ԱՄՆ Կոնգրեսի մի աղբյուր գործակալությանը հաղորդել է, որ էներգետիկական ընկերությունները կապվել են անմիջապես ԱՄՆ օրենսդիրների հետ՝ նպատակ ունենալով ապահովել, որպեսզի իրենց ակտիվները չբռնագրավվեն այն դեպքում, եթե իրենք չկարողանան իրենց գործարար համաձայնությունները կատարել Ռուսաստանում: