Երկրում բացառեցինք հակաօրինական ցանկացած երևույթ. Արցախի ՆԳ նախարարն ամփոփել է 2021-ը

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ամփոփել է անցած տարին՝ ներկայացնելով կատարված աշխատանքները։

«Մեկ տարի առաջ՝ հունվարի 26-ին, ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախում ստեղծվեց Ներքին գործերի նախարարություն, որի ղեկավարումը վերապահվեց ինձ, իսկ նախարարության կառուցվածքում միավորվեցին ԱՀ ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

ՆԳ նախարարությունը կազմավորվեց Արցախի համար վճռորոշ ժամանակաշրջանում, երբ պատերազմից հետո օրակարգում անվտանգության ապահովման հարցն էր: Մի՛ կողմից անհրաժեշտ էր պատերազմի հետևանքները վերացնել հավանական սպառնալիքներից, մյուս կողմից՝ փրկարար-որոնողական աշխատանքների իրականացումն Արցախի գրավյալ տարածքներում, դրան զուգահեռ՝ կյանքը հունի մեջ գցելու առաջադրանք կար:

Մեկ տարվա ընթացքում կատարված համատեղ թիմային աշխատանքը մեզ վերստին ոտքի կանգնեցրեց և շնորհիվ գերատեսչության ծառայողների՝ առաջ նայելու հնարավորություն ընձեռեց:

Գիտակցելով, որ հետպատերազմյան իրավիճակում Արցախի և մեր հայրենակիցների անվտանգության պատշաճ ապահովումը նաև ներքին գործերի նախարարության պատասխանատվության ներքո է, ոստիկանության և ԱԻՊԾ ծառայողներն արեցին անգամ անհնարինը: Սա մի առաքելություն էր, որը կատարեցինք պատվով ու կշարունակենք ծառայել արժանապատվությամբ:

Ի՞նչ ենք հասցրել անել անցած մեկ տարվա ընթացքում: Նախ, 2021 թվականի հունվարի 26-ին, ԱՀ Նախագահի հրամանագրով ոստիկանության և ԱԻՊԾ ղեկավար պաշտոններում նշանակվեցին մարդիկ, ովքեր աշխատանքային փորձով և մարդկային արժանիքներով ոչ միայն պահպանեցին ծառայությունների ավանդույթները, այլև աշխատանքը դարձրին ավելի արդյունավետ:

Երկրում բացառեցինք հակաօրինական ցանկացած երևույթ և առաջնորդվեցինք այն պարզ կարգախոսով, որ օրենքն Արցախում հավասար է բոլորի համար, և որ քաղաքացին փաստացի բարձրագույն արժեք է, իսկ նրա իրավունքների պաշտպանությունը՝ իշխանության առջև դրված առաջնային խնդիր:

Ինձ համար սկզբունքային է նաև թիմային մտածողությունը, հասարակության հանդեպ սրտացավությունը և հայրենիքին անվերապահ նվիրումը: Մեր կարևորագույն գերնպատակներից մեկն է, որ ժողովրդավարական հասարակություն և ժողովրդավարական երկիր կերտելու գործում ունենանք մեր մեծ ներդրումը։

ՆԳ նախարարության ռազմավարության հիմնական նպատակներից մեկը նաև հասարակությանը ոստիկանի և փրկարարի նոր կերպար ներկայացնելն է։ Այս համատեքստում, բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացրել, որոնք միտված են բարձրացնելու ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը:

Թե որքան՞ով հաջողեցինք և կամ որտե՞ղ թերացանք, կարծում եմ Ձեր գնահատականն ավելի կարևոր է»։