Աթենքում 3,5 հազար մարդու տարհանել են ձյան մեջ մնացած ավտոմոբիլներից

Աթենքում փրկարարները մոտավորապես 3 500 վարորդներ և ուղևորներ են տարհանել այն ավտոմոբիլներից, որոնք ձյան մեջ են մնացել Աթենքի գլխավոր վճարովի ավտոմայրուղում, որը ձգվում է մայրաքաղաքի հյուսիսով և գնում Աթենքի միջազգային օդանավակայան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հունվարի 25-ին այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոանիս Իկոնոմուն Alpha հեուստաալիքի եթերում:

«Շատ դժվարին գիշեր էր, և գերմարդկային ջանքեր են գործադրվում ճանապարհն ավտոմոբիլներից ազատելու համար»,- ասել է Իկոնոմուն:- Ոստիկանությունը, բանակը, հրշեջ խումբը, քաղաքացիական պաշտանությունը գործեցին ամբողջ գիշեր և կարողացան այնտեղից տարհանել շուրջ 1,8 հազար ավտոմոբիլ: Եվս 1,2 հազար ավտոմոբիլ տակավին գտնվում է այնտեղ: Գիշերը տեղափոխվել Է 3 000 – 3 500 մարդ»:

Հունվարի 24-ին Հունաստանում մոլեգնել է «Էլպիս» («Հույս») ուժգին ցիկլոնը, որն իր հետ առատ ձյուն և ջերմաստիճանի սաստիկ նվազում է բերել: Հաղորդալարերի խզման պատճառով, որոնց վրա ծառերի բներ և ճյուղեր են ընկել, երկուշաբթի երեկոյան առանց էլեկտրականության և ինտերնետի են մնացել Աթենքի և արվարձանների տասնյակ շրջաններ, գլխավորապես մարզի հյուսիսում:

Իշխանությունները հունվարի 25-ը հանգստի օր են հայտարարել ձյան սաստիկ տեղումների պատճառով, որը կաթվածահար է արել երկիրը: