ՆԱՏՕ-ն իր ուժերն է կուտակում Արևելյան Եվրոպայում

ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուժերը բերում են պատրաստության վիճակի և լրացուցիչ սարքավորումներ են ուղարկում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի տեղակայման վայրեր՝ Ռուսաստանի հետ լարվածության աճի ֆոնին, հաղորդվում է դաշինքի պաշտոնական կայքում:

Մասնավորապես, Դանիան ֆրեգատ (պահակային ծառայության ռազմանավ) է ուղարկում Բալթիկ ծով և մտադիր է չորս F-16 կործանիչներ ուղարկել Լիտվա, Իսպանիան նավեր է ուղարկում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին միանալու համար և դիտարկում է կործանիչներ Բուլղարիա ուղարկելու տարբերակը։ Ֆրանսիան իր պատրաստակամությունն է հայտնել ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ զորքեր ուղարկել Ռումինիա։ Նիդեռլանդները ապրիլից Բուլղարիա կուղարկի երկու F-35 կործանիչ, ինչպես նաև մեկ նավ և ցամաքային ստորաբաժանումներ կբերի ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի համար։

«Ես ողջունում եմ դաշնակիցներին, որոնք լրացուցիչ ուժեր են տրամադրում ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջոցները բոլոր դաշնակիցներին պաշտպանելու համար, այդ թվում՝ Դաշինքի արևելյան հատվածի ուժեղացման միջոցով: Մենք միշտ արձագանքելու ենք մեր անվտանգության միջավայրի ցանկացած վատթարացմանը, այդ թվում՝ ուժեղացնելով մեր հավաքական պաշտպանությունը»,- այս առիթով ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։