Ինչու ՀՀ-Իրան երկաթգիծը փոխարինվեց Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ գծով

Անկախության տարիներին առաջ քաշված Հայաստան–Իրան երկաթգծի կառուցման ծրագիրն ավելի շատ մեքենայություն էր, քան իրական ծրագիր։ Այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու անկախության տարիներին պարբերաբար հնչեցվող ՀՀ- Իրան երկաթգծի կառուցման ծրագիրը փոխարինվեց ՀՀ – Ադրբեջան ծրագրով։

«Դա մի քանի միլիարդ դոլարի ծրագիր է։ Այդպիսի ծրագրերն առանց տնտեսական հիմանվորվածության տեղի չեն ունենում։ Ես դեռ հեղափոխությունից առաջ այդ թեմայի շուրջ հետաքննություն էի սկսել։ Այդտեղ ինչ-որ գործողություններ էին արվել, ու ավելի շատ տպավորություն կար, որ դա ավելի շատ մեքենայություն էր, քան իրական ծրագիր։ Պետք է հասկանանք, որ ամեն ինչ չէ, որ ասվում է, դա իրագործելի է»,- ասաց Փաշինյանը։

Ներկայիս քննարկվող նախագիծը, ըստ Փաշինյանի, Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման մասին է, որը, նրա դիտարկմամբ, այնքան էլ ծախսատար չէ։

Վարչապետը չբացառեց, որ այդ նախագծի իրականացման համար նույնիսկ ՀՀ պետական բյուջեից ներդրում անելու անհրաժեշտություն կարող է չլինել, քանի որ դրանով հետաքրքրված են եվրոպական ընկերությունները կամ Հարավկովկասյան երկաթուղին։

«Գործնականում այդ երկաթուղում կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ մնում է այն արձանագրել թղթի վրա։