Մեծ հավանականություն կա, որ ՀՀ-ն կընդունի Թուրքիայի՝ ֆորումին մասնակցելու հրավերը. Փաշինյան
Մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում:
Վարչապետը հիշեցրեց՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ֆորմատ է ձևավորվել, արդեն իսկ տեղի է ունեցել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: «Ես կարծում եմ, որ եթե այս դինամիկան պահպանվի, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն այդ ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի: Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց, համենայնդեպս, առաջին հանդիպումից հետո մեծանում է հավանականությունը, որ ՀՀ-ն կընդունի այդ հրավերը, որովհետև, եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթը և հնարավորությունը բաց թողնենք, առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ ողջ միջազգային հանրությունը շատ նախանձախնդիր է և աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Փաշինյանը կարծում է՝ նաև տարածաշրջանի երկրներն են շատ շահագրգռված: «Ճիշտ է՝ խաղաղության օրակարգը մենք ենք բարձրաձայնում, բայց կարծում եմ՝ խաղաղության օրակարգը հետաքրքիր է բոլորին»,-ասաց նա:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումին մասնակցում են ԱԳ նախարարները: