Փաշինյանը պատմեց, թե երբ և ումից է իմացել Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացել է նախագահի հայտարարության հրապարակայնացումից շուրջ 3,5 ժամ առաջ։ Այս մասին Փաշինյանը հայտնեց այսօր` առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Նա հրապարակումից մոտավորապես 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ, ու մենք խոսել ենք այդ մասին։ Ես հարցրել եմ` ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինձ տեղեկացնոմ է, որ կայացրել է որոշումը։ Ես ուզում էի հասկանալ` որոշումը քննարկման ենթակա՞ է, թե՞ ենթակա չէ, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշումը»,- ասա Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ նախորդ առցանց ասուլիսի ժամանակ ինքը հայտարարել էր, որ Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ իր ու ՀՀ նախագահի տեսակետները տարբերվում են։ Բայց և հիշեցրեց, որ Արմեն Սարգսյանի` ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ չի փոխվել։

Անդրադառնալով Hetq.amհրապարակմանը` Արմեն Սարգսյանի` ՀՀ քաղաքացի չհանդիսանալու մասին, Փաշինյանը դա քիչ հավանական համարեց։ Այդուհանդերձ, եթե հրապարակման մեջ կան այնպիսի փաստեր, որոնց պետք է արձագանքեն իրավապահ մարմինները, Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ վերջինները պետք է արձագանքեն դրան։

ՀՀ նախագահի նոր թեկնածուի հարցը, ըստ Փաշինյանի, քաղաքական մեծամասնությունը դեռ չի քննարկել։ Բայց իր համոզմամբ, նոր նախագահի ու քաղաքական մեծամասնության միջև պետք է լինի քաղաքական ներդաշնակություն։