Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի երկրորդ համատեղ ռազմածովային զորավարժությունները

Մոսկվայում կայացած իրանա-ռուսական բարձր մակարդակի վերջին բանակցությունների հիանալի և խոսուն ֆոնը` Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի եռակողմ ռազմածովային զորավարժություններն էին, որոնց մասին այդ երեք տերություններն էլ հայտարարեցին անցյալ տարվա օգոստոսի վերջին: Մենք կարծում ենք, որ այս հանգամանքը, որ ռազմածովային զորավարժությունները տեղի են ունեցել Մոսկվայում բանակցությունների նախօրեին և անցկացման օրերին, պատահականություն չէ։ Սա ակնհայտորեն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մտադրությունն է՝ նրանց համատեղ ուղերձը (մեսիջը) Արևմուտքին և ՆԱՏՕ-ին։ Իսկ քանի որ ՆԱՏՕ-ին, ապա՝ նաև Թուրքիային …

2022 թվականի հունվարի 20-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը. «Այս տարվա հունվարի 18-ից հունվարի 22-ը Օմանի ծոցում (Արաբական ծովի հյուսիսային հատվածը) և դրա վերևում գտնվող օդային տարածքում անցկացվում են ռուսչինականիրանական ռազմածովային CHIRU-2022 զորավարժությունները։ Ռուսական կողմից դրան մասնակցում է Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) նավերի ջոկատը՝ բաղկացած «Վարյագ» („Варяг“) հրթիռային հածանավից, «Ադմիրալ Տրիբուծ» („Адмирал Трибуц“) խոշոր հակասուզանավային նավից և «Բորիս Բուտոմա» („Борис Бутома“) խոշոր ծովային տանկերից»:

Երեք երկրների զինծառայողները հրետանային կրակ կիրականացնեն ծովային թիրախի ուղղությամբ, համատեղ մանևրներ կանցկացնեն, կկազմակերպեն որոնողական աշխատանքներ և կազատագրեն ծովահենների կողմից գրավված նավը։ Ապագայում Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը կշարունակի շարժվել դեպի Միջերկրական ծով, որտեղ Հյուսիսային և Բալթյան նավատորմերի ուժերի հետ միասին կմասնակցի ռազմածովային նավատորմի միջծովային խմբավորման զորավարժություններին, հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ այս տարվա հունվարի 15-ին Բալթյան և Հյուսիսային նավատորմերի նավերի ջոկատը՝ բաղկացած վեց խոշոր դեսանտային նավերից, լքել է Բալտիյսկ նավահանգիստը և շարժվել դեպի Միջերկրական ծովում գտնվող զորավարժությունների տարածք։ Ներկայում նավերի ջոկատները գտնվում են Հյուսիսային ծովի ճանապարհին։ Ավելի վաղ Խաղաղօվկիանոսյան նավատորմի գծով Արևելյան ռազմական օկրուգի (ВВО) մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԽՕՆ-ի երեք նավ ժամանել են իրանական Չաբահար նավահանգիստ՝ մասնակցելու Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժություններին։ Նավերի ջոկատը երկար ճանապարհորդության է մեկնել Վլադիվոստոկից՝ 2022 թվականի սկզբից մի քանի օր առաջ։

«Գործնական գործողությունների ընթացքում Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը Չինաստանի և Իրանի ռազմածովային ուժերի հետ համատեղ հրետանային կրակ են բացել ծովային թիրախի ուղղությամբ, համատեղ մարտավարական մանևրումներ կատարել և ծովում որոնողափրկարարական աշխատանքներ կատարե։ CHIRU-2022 զորավարժությունների վերջին մասում բարելավվել են կողմերի գործնական հմտությունները՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու և ծովահենների կողմից պայմանականորեն առգրավված նավը ազատ արձակելու համար»,- ասվում է ՌԴ ՊՆ հունվարի 21-ի հաղորդագրության մեջ։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ զորավարժություններին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի 14 ռազմանավեր և օժանդակ նավեր։

Հունվարի 21-ին իրանական Mehr News և ISNA լրատվական գործակալությունները նույնպես հաղորդագրություններ տարածեցին եռակողմ ռազմածովային զորավարժությունների մասին։ Իրանցիներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են զորավարժությունների դրվագներից մեկի՝ «Ծովային անվտանգության գոտու» վրա, որը սկսվել է հենց հունվարի 21-ի առավոտյան Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում։ Գործակալությունների տվյալներով՝ իրանական կողմից զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի ստորաբաժանումները և իրանական բանակը։ «Ըստ ծրագրի, նախատեսվում են տարբեր մարտավարական զորավարժություններ, այդ թվում՝ փրկել այրվող նավին, ազատագրել առևանգված նավին և կրակել ծովային թիրախների վրա ցերեկը և գիշերը», – ասել է ծովային անվտանգության գոտու զորավարժությունների խոսնակ, իրանցի ծովակալ Մոստաֆա Թաջոդինին: .

Այն, ինչ ցանկանում են Արևմուտքին ասել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի զինվորականները և, իհարկե, քաղաքական գործիչները, Իրանի ափերի մոտ և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում իրենց երկրորդ համատեղ ռազմածովային զորավարժություններով, կարծես թե պետք է միանգամայն պարզ լինի բոլորին, ովքեր հետևում են մեր մոլորակի լարված ռազմաքաղաքական իրավիճակի զարգացմանը: Նշենք, որ հունվարի 20-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին դիմելով ՌԴ Պետդումայի պատգամավորներին, ելույթ ունեցավ և, մասնավորապես, ասել էր. «ՆԱՏՕ-ն զբաղվում է տարբեր երկրների աշխարհագրական տարածքներ ներթափանցմամբ։ Տարբեր պատրվակներով ու ծածկոցներով։ Եվ կրկին ու կրկին նրանք սպառնում են անկախ պետություններին։ Արևմտյան մոդելի տարածումը և անկախ ժողովրդավարություններին հակազդեցությունը, ժողովուրդների, տարբեր այլ ժողովուրդների մշակույթի և ավանդույթների նույնականացման դեմ հակադրվելը, սա հենց ՆԱՏՕ-ի օրակարգում է, և սա, իհարկե, միայն խաբեություն է, այլ ոչ թե «ժողովրդավարություն պաշտպանելը: Եվ նրանց վարքագծի մեջ մենք տեսնում ենք իրենց խաբեությունը, որն ի վերջո կհանգեցնի նրանց քայքայմանը»: Մենք ոչինչ չենք ավելացնի կամ մեկնաբանի։ Նա, ով ուղեղ ունի, թող հասկանա…

 

Սերգեյ Շաքարյանց