Վրաստանը պատրաստ է վերականգնել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը․ Աբաշիձե

«Վրաստանը միշտ պատրաստ է վերականգնել ուղիղ կապը Ռուսաստանի հետ, քանի որ Վրաստանում ռուսներին ոչինչ չի սպառնում»,- ասել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ օրը հայտարարել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման պայմանների մասին։ Խոսքը Վրաստանում իրավիճակի կայունացման, ռուսաֆոբ արշավի դադարեցման և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության սպառնալիքների վերացման մասին է։

«Եթե ռուսական կողմը պատրաստ է և ցանկություն ունի վերականգնել թռիչքները, ոչինչ չի խանգարում դրան, քանի որ մենք պատրաստ էինք և հիմա էլ պատրաստ ենք վերականգնել ուղիղ չվերթները», – ասել է Աբաշիձեն վրացական Առաջին ալիքի եթերում։

Ինչ վերաբերում է ՌԴ քաղաքացիներին ուղղված սպառնալիքների մասին ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը, ապա, ըստ Աբաշիձեի, նման բան բացառվում է։ Նրա խոսքերով՝ տարիներ շարունակ մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են եկել Վրաստան, և նրանք անվտանգության հետ կապված խնդիրներ չեն ունեցել։ Ինչ վերաբերում է հակառուսական հռետորաբանությանը, ապա, ըստ Աբաշիձեի, պետությունը չի կարող արգելել քննադատությունը՝ «հատկապես, եթե կան քննադատության հիմքեր»։

Նշենք, որ երկու երկրների հարաբերությունները վրացական կողմից խզվեցին այն բանից հետո, երբ 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։